Logo

Մ23 ԱԱ. Վազգեն Թևանյանը նվաճեց եզրափակիչի ուղեգիր

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:40 / 21.10.2022Ըմբշամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս եկավ Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 7-6 հաշվով հաղթեց ղազախ Ադլան Ասկարովին: Հոկտեմբերի 22-ին կայանալիք եզրափակիչում Թևանյանի մրցակիցը կլինի թուրք Համզա Ալաչան, որը 14-8 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Էրիկ Առուշանյանին:

Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի Մ23 չեմպիոն ու արծաթե մեդալակիր Վազգեն Թևանյանը որակավորման փուլում ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել էր կանադացի Դանիել Թրոյ Քոլզին, իսկ 1/8 եզրափակիչում շանս չէր տվել բրիտանացի Ռոս Քոնելիին՝ 10-0։ Երրորդ գոտեմարտում նա 4-3 հաշվով ուժեղ էր գտնվել ճապոնացի Ռիոմա Անրակուից:

Հոկտեմբերի 21-ին պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները պարտություն էին կրել:

Եվրոպայի և աշխարհի Մ23 բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը (57 կգ) որակավորման փուլում 4-5 հաշվով պարտվել է Իրանի ներկայացուցիչ Ահմեդ Մասուդ Մոհամեդնեժադժավանիին:

Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ) որակավորման փուլում 3-7 հաշվով պարտություն է կրել Ճապոնիայի ներկայացուցիչ Կոտա Տակահաշիից:

Արման Ավագյանը (79 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից և 5-7 հաշվով պարտվել վրացի Վլադիմերի Գամկրելիձեին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Ավագյանը ստացել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն և հոկտեմբերի 22-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:

Հովհաննես Մաղաքյանը (97 կգ) մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով հաղթել էր կանադացի Կալում Ուլյամ Նոուզիին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ 0-10 հաշվով պարտվել է գերմանացի Էրտուգրուլ Ագկային։

Հայաստանի Մ23 թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Արսեն Հարությունյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Կնյազ Իբոյանն (86 կգ) ու Սերգեյ Սարգսյանը (92 կգ), որոնք մրցագորգ դուրս կգան հոկտեմբերի 22-ին։ Հայաստանի Մ23 հավաքականը ներկայացուցիչ չունի միայն 125 կգ քաշային կարգում:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ23 ԱԱ-ին մասնակցել էր 8 ըմբիշով ու նվաճել մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ: Մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Գևորգ Թադևոսյանը (87 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Հրաչյա Պողոսյանն (63 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Տիգրան Մինասյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) պարտվել էին մեկնարկային փուլերում ու դուրս մնացել պայքարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ