Logo

Էդգար Մովսեսյանը՝ «Վանի» պատմության լավագույն ռմբարկու

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:21 / 11.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Չարենցավանում գրավելով «Լեռնային Արցախի» դարպասը՝ Էդգար Մովսեսյանը 9 գոլով դարձավ Բարձրագույն խմբում «Վանի» կարճատև պատմության լավագույն ռմբարկուն: Նա գերազանցեց թիմի նախկին հարձակվող Ուիլֆրեդ Կուասի Էզայի ցուցանիշը, որի հաշվին 8 գոլ էր գրանցված:

Էդգար Մովսեսյանն «Ուրարտուի» սան է, երևանյան թիմի հիմնական կազմում ելույթները սկսել էր 2015-16թթ. առաջնությունում՝ մասնակցելով 10 խաղի: 

Բարձրագույն խմբում գոլերի հաշիվը Մովսեսյանը բացել է «Նոայի» կազմում՝ 2018-19թթ. առաջնությունում գրավելով «Լոռիի» դարպասը: Հաջորդ մրցաշրջանում «Նոայում» 4 խաղ անցկացնելուց հետո երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվեց Առաջին խմբում ելույթ ունեցող նորաստեղծ «Վան», որի կազմում թիմակիցների հետ նվաճեց 2020-21թթ. Բարձրագույն խմբի առաջնության ուղեգիր:

«Վանում» Մովսեսյանը թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկն էր, որը մասնակցեց Բարձրագույն խմբի առաջնության բոլոր 25 հանդիպումներին՝ դառնալով 4 գոլի հեղինակ: Դա 8 գոլով թիմի լավագույն ռմբարկու ճանաչված Ուիլֆրեդ Կուասի Էզայից հետո 2-րդ ցուցանիշն էր: Հետաքրքիր է, որ «Վանում» ևս իր առաջին գոլը Մովսեսյանը խփել էր «Լոռիի» դարպասը:

Հաջորդ մրցաշրջանը Մովսեսյանը դիմավորեց «Փյունիկում», որի կազմում նորամուտը շատ հաջող ստացվեց: ԲԿՄԱ-ի հետ մեկնարկային տուրում նա բացեց հաշիվը՝ դառնալով առաջնության անդրանիկ գոլի հեղինակը: Դա «Փյունիկի» կազմում Էդգարի անցկացրած 10 հանդիպումներում խփած միակ գոլն էր:

Առաջնության գարնանային հատվածը Մովսեսյանն անցկացրեց ԲԿՄԱ-ում, որի կազմում 4 գոլ խփեց ու Գրենիկ Պետրոսյանի հետ ճանաչվեց թիմի լավագույն ռմբարկու: Հետաքրքիր է, որ այդ գոլերից 3-ը նա խփեց իր նախկին թիմերին՝ մեկական անգամ գրավելով «Վանի», «Ուրարտուի» և «Նոայի» դարպասները:

Ընթացիկ մրցաշրջանում վերադառնալով «Վան», Էդգար Մովսեսյանը կրկին արդյունավետ խաղ է ցուցադրում: Հենց մեկնարկային տուրում «Լեռնային Արցախի» դարպասը նրա խփած  միակ գոլի շնորհիվ «Վանը» հաղթեց: Իսկ Մովսեսյանը 2-րդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ առաջնության անդրանիկ գոլի հեղինակը:

10-րդ տուրում «Լեռնային Արցախի» դարպասը Մովսեսյանի խփած  գոլը 5-րդն էր ընթացիկ առաջնությունում: Նա «Վանի» լավագույն ռմբարկուն է: Եվ կրկին Էդգարն աչքի է ընկել իր նախկին թիմերի հետ խաղերում՝ դուբլ ձևակերպելով ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում, մեկ գնդակ էլ խփելով «Նոային»:

24-ամյա ֆուտբոլիստը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրած 87 հանդիպումներում 15 գոլ է խփել:

VNews-ը ներկայացնում է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում «Վանի» կազմում խփած գոլերի քանակով ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ

Գոլ

1. Էդգար Մովսեսյան

9

2. Ուիլֆրեդ Կուասի Էզա

8

3. Զավեն Բադոյան

5

4. Ջոսուե Գաբա

3

5. Ստեֆան Աջումանի

3

6. Վլադիմիր Ֆիլիպով

3

7. Միհրան Մանասյան

2

8. Վահագն Այվազյան

2

9. Կախա Կախաբրիշվիլի

2

10. Ջեյսոն Քլիֆորդ

2

11. Ալեքսանդր Տենյաև

2

12. Արտյոմ Բիլի

2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ