Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը Լոզանում կայացած նիստում խոսել է կազմակերպության գործկոմի որոշումների մասին՝ կապված ռուս և բելառուս մարզիկների դեմ պատժամիջոցների հետ։
«Մենք շարունակեցինք խորհրդակցություններն Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ։ Մեր քննարկումն ընթանում է միջազգային ֆեդերացիաների հետ մի շարք խորհրդակցությունների տեսքով, քանի որ մեր միջոցառումները սկսվել են փետրվարից։ Այս քննարկումը նախապատրաստություն էր խորհրդակցությունների հաջորդ փուլին, որը տեղի կունենա օլիմպիական գագաթնաժողովում։
Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները ոչ ոք չվիճարկեց մեր այսօրվա բանավեճի ընթացքում։ Ես ստացել եմ ՄՕԿ-ի գործադիր խորհրդի լիակատար աջակցությունը բազմաթիվ առիթներով իմ արած հայտարարությունների համար: Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ:
Մենք նաև շարունակում ենք համերաշխության ակցիաները ուկրաինացի մարզիկների և ուկրաինական օլիմպիական համայնքի հետ»,- նշել է Թոմաս Բախը։
Նրա խոսքով, Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցաշարի մեդալները կվերաբաշխվեն ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի գործով Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) որոշումից հետո։
«Ինչ վերաբերում է Վալիևայի գործին, մենք խորհրդակցություններ ենք ունեցել WADA-ի հետ, որը որոշել է գործը փոխանցել CAS-ին: Դատավարությունից հետո վերջապես կկարողանանք մեդալները բաշխել արժանի մարզիկների միջև։ Բայց այս որոշումը պետք է կայացնի CAS-ը»,- ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի խոսքը մեջբերում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Պեկինում Վալիևան Ռուսաստանի հավաքականի կազմում գեղասահքի թիմային պայքարում դարձել էր օլիմպիական չեմպիոն։ Դրանից հետո հայտնի էր դարձել, որ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին 16-ամյա ռուս մարզուհու հանձնած դոպինգ թեստի արդյունքը դրական է եղել:


