Ֆուտբոլի հետ կապ ունեցող նույնիսկ ամենահանգիստ միջավայրում աժիոտաժ առաջացնելու համար ուղղակի հարցրու՝ Ռոնա՞լդու, թե՞ Մեսի...
Թվում էր, թե պատմության մեջ մեծագույններից երկուսի կարիերայի մայրամուտում վերջապես կդադարեն բոլոր համեմատությունները, և նրանք ուղղակի դուրս կմնան ուշադրության կենտրոնից: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, դա միայն թվում էր:
Նրանց ճանապարհները բաժանվեցին, երբ 2018 թվականին Կրիշտիանու Ռոնալդուն հեռացավ Լա լիգայից: Հետո Ռոնալդուն գնաց «Ալ Նասր», Մեսին էլ որոշեց կարիերան շարունակել «Ինտեր Մայամիում»:
Բոլոր քննարկումներն ավարտվա՞ծ են, նրանց գնացքն արդեն սլացե՞լ է: Ո՛չ:
ՊՐՈ ԼԻԳԱՆ ՈՒ MLS-Ը՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՆԺԱՐԻՆ
Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում Պրո լիգան ենթարկվել է զգալի փոփոխությունների: Սաուդյան Արաբիա տեղափոխվեցին Եվրոպայում «մեծ ֆուտբոլի» փառքը վայելած տասնյակից ավելի խաղացողներ: Նման «ծանրքաշայինների» հետ Պրո լիգան հայտնվեց ուշադրության կենտրոնում: Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (PIF) կատարել է ներդրումներ ու նպատակ ունի մինչև 2030 թվականը երկրի առաջնությունը դարձնել թոփ-5 լիգաներից: Այդ ճանապարհին Պրո լիգայի թիմերն ունեն հստակ առաջադրանք՝ կազմը չուժեղացնել միայն տարեց և արտասահմանցի ֆուտբոլիստներով: Սաուդյան Արաբիայում շատ են տեղացի երիտասարդ խաղացողները: Այնտեղ են հանդես գալիս նաև այլերկրացի հեռանկարային ֆուտբոլիստներ, օրինակ՝ Գաբրի Վեյգան, Ուեսլին ու Անջելոն: Բավական աստղային է նաև մարզչական կազմը: «Կանաչ բազեների» երկրում են աշխատում Լորան Բլանը, Ժորժե Ժեզուշը, Ստեֆանո Պիոլին, Սթիվեն Ջերարդն ու Մատիաս Յայսլեն:
PIF-ը շարունակում է մեծ ներդրումներ կատարել, բայց այս ձմռանն արաբական թիմերը դեռ հանգստություն են պահպանում:: «Որսի սեզոնն» ամենայն հավանականությամբ կբացվի ամռանը: Մեկ բան հստակ է՝ արաբական տաք քամիների հոսքը Եվրոպա անխուսափելի է, քանի որ ֆուտբոլը հիմա ավելի «կանաչ» է, քան երբևէ:
Արաբական աշխարհից հազարավոր կիլոմետրեր հեռու մեծ գումարներ են ծախսում նաև ԱՄՆ-ում: Դեռ տարիներ առաջ MLS-ը հայտնի էր «ֆուտբոլային ծերուկներին» գայթակղելով, բայց Լեո Մեսիի «ջանքերով» Բարձրագույն լիգան շատ ավելի մեծ հետաքրքրություն է վայելում, քան նախկինում:
Ամեն դեպքում MLS-ն աստղային ֆուտբոլիստների քանակով զիջում է Պրո լիգային:
Եթե Սաուդյան Արաբիայի առաջնությունում անվանի ֆուտբոլիստներ կան տարբեր թիմերում, ապա ԱՄՆ-ում խաղացողների աստղաբույլը մեկտեղված է նույն թիմում՝ «Ինտեր Մայամիում»:
Տարիներ առաջ այս լիգաները համեմատելու դեպքում միանշանակ կասեինք, որ բոլոր առումներով մեծ առավելություն ունի MLS-ը, բայց հիմա իրավիճակն այլ է:
Այժմ ԱՄՆ-ի Բարձրագույն լիգան Սաուդյան Արաբիայի առաջնությանը գերազանցում է գրավչությամբ, որը ապահովում են շոուի միջոցով:
Պրո լիգայում շոուն գրեթե բացակայում է: Այնտեղ հանրության ուշադրությունը փորձում են գրավել միայն գերաստղերի միջոցով: Սաուդյան Արաբիայի առաջնության հանդիպումները շատ հաճախ անցնում են «մռայլ» և կիսադատարկ տրիբունաներով, իսկ MLS-ում լրիվ հակառակ պատկերն է: Բայց սա տրամաբանական է, քանի որ ԱՄՆ-ում ֆուտբոլով հետաքրքրվողներն անհամեմատ շատ են, քան Սաուդյան Արաբիայում:
Ի տարբերություն Սաուդյան Արաբիայի՝ ԱՄՆ-ում Բարձրագույն լիգան աշխարհում լավագույններից մեկը դարձնելու նպատակ չունեն: Այնտեղ մեծ ուշադրություն են դարձնում առաջնությունը գեղեցիկ մատուցելուն՝ երկրպագուներին գոհացնելու համար: Դրանով MLS-ն առաջ է նույնիսկ որոշ թոփ առաջնություններից:
ԱՐԴՅՈՔ ԽԱՂԱՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԼԻԳԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈ՞ՒՄ Է ՊՐՈ ԼԻԳԱՅԻՆ
Իրականում երկրպագուների մեծամասնությունն ավելի շատ սիրում է դիտել MLS-ի հանդիպումներ, քան Սաուդյան Արաբիայի առաջնության, որովհետև Բարձրագույն լիգայի խաղերն անցնում են բավական դինամիկ ու գոլառատ պայքարում: Բայց դա ամենևին էլ չի փաստում, որ MLS-ը խաղամակարդակով գերազանցում է Պրո լիգային:
ԱՄՆ-ի Բարձրագույն առաջնությունում գրեթե բացակայում է տակտիկական պայքարը, այնտեղ շատ հաճախ թույլ են տալիս մանկական սխալներ, գրանցվում են գոլեր, որոնք ցույց են տալիս առաջնության, մեղմ ձևակերպմամբ, ոչ այնքան բարձր մակարդակը:
Այնպես չէ, որ Սաուդյան Արաբիայում ամեն ինչ կատարյալ է: Բայց, եթե համեմատում ենք այս առաջնությունները, ապա Պրո լիգան ունի առավելություն: Սաուդյան Արաբիայի լիգան MLS-ին գերազանցում է ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությամբ, մարզչական գաղափարներով ու թիմերի մրցունակությամբ:
Ասածիս վառ ապացույցն է 2024 թվականի ձմռանը Սաուդյան Արաբիայի «հսկաներից» երկուսի՝ «Ալ Հիլալի» ու «Ալ Նասրի» հանդիպումներն «Ինտեր Մայամիի» դեմ:
Այո՛, խաղերն ընկերական մրցաշարում էին, բայց թիմերն ամենևին էլ չունեին ընկերական տրամադրվածություն:
Մի կողմում Պրո լիգան MLS-ից բարձր դասող Կրիշտիանու Ռոնալդուն էր, որը ցանկանում էր «տեր կանգնել» իր խոսքին, մյուս կողմում էլ՝ Լեո Մեսին, որը լուռ էր, բայց միանշանակ ուզում էր ամբողջ աշխարհին ցույց տալ, որ MLS-ը գերազանցում է Սաուդյան Արաբիայի առաջնությանը…
«Ալ Հիլալը», ունենալով մեծ առավելություն, 4-3 հաշվով հաղթեց «Ինտեր Մայամիին», «Ալ Նասրն» էլ 6 անպատսխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Եթե հաշվի ենք առնում այն ամենը, ինչ կատարվում է խոտածածկին, կարելի է պնդել, որ Սաուդյան Արաբիայի Պրո լիգան թիկունքում է թողնում MLS-ին, բայց ինչպես տարբեր ոլորտներում, այնպես էլ ֆուտբոլում, ամերիկացիները տարբերվում են ոճով, և դրա շնորհիվ էլ կարողանում են գրավել երկրպագուների սրտերը:
Վերջին տարիներին երկու լիգաներն էլ բռնել են զարգացման ճամփան, բայց որոնում են տարբեր հաջողություններ. մեկը ձգտում է դառնալ աշխարհում լավագույններից, մյուսն էլ՝ ամենագրավիչն ու նրբագեղը: