Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sky Sport Italia-ի հետ հարցազրույցում ամփոփել է պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղը (1-0):
Հանդիպման մասին
«Շատ կարևոր արդյունք է, քանի որ «Պորտուի» նման թիմին հաղթելը հեշտ չէ: Չեմ կարող ասել, թե գեղեցիկ խաղ էր, և մենք գիտենք, որ պայքարն ավարտված չէ: Ամեն ինչ կանենք, որ հաղթենք մրցակցի խաղադաշտում: Պատրաստ ենք ուժեղանալ և դրա համար քրտնաջան աշխատում ենք: Ուրախ եմ, որ հատուցվեցին մեր գործադրած ջանքերը»:
Հանդիպման միակ գոլը խփած Ռոմելու Լուկակուի մասին
«Ռոմելուիի համար դժվար ժամանակներ էին, քանի որ վերադարձել էր վնասվածքից հետո ու նորից դուրս մնացել շարքից:
Նա ապացուցում է, որ պատրաստ է հրաշք գործել: Հուսով ենք՝ կկարողանա պահպանել մարզավիճակը: Լուկակուն առանցքային խաղացող է «Ինտերի» համար, անկախ նրանից՝ խաղն սկսում է մեկնարկային կազմում, թե փոխարինման է մտնում»:
Էդին Ջեկոյի ու Անդրե Օնանայի ընդհարման մասին
«Նման բաներ լինում են, կարծում եմ՝ կարևորը խաղի արդյունքն է: Հիմա պետք է կենտրոնանալ ու պատրաստ լինել պատասխան խաղին»,- նշել է 34-ամյա կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը պորտուգալական ակումբի դեմ խաղադաշտ էր դուրս եկել Իտալիայի փոխչեմպիոնի մեկնարկային կազմում և փոխարինվել 72-րդ րոպեին:
Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը միլանյան ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: