Ա Սերիայի 4-րդ տուրի «Ինտեր» - «Միլան» խաղում (5-1) դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանը տարբեր աղբյուրների վարկածով ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:
WhoScored վիճակագրական ռեսուրսը 34-ամյա հայ կիսապաշտպանի խաղը գնահատել է 10 առավելագույնից 9,46 միավոր՝ նրան ճանաչելով հանդիպման լավագույն խաղացող:
SofaScore-ը Մխիթարյանի խաղը 10 առավելագույնից գնահատել է 9,3 միավոր, իսկ FlashScore-ը՝ 8,9 միավոր: Այս աղբյուրները նույնպես Մխիթարյանին ճանաչել են միլանյան դերբիի լավագույն խաղացող:
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջական հանդիպում: «Միլանի» դեմ խաղում նա կատարեց 4 հարված, որոնցից 2-ը՝ դարպասին (ավարտվել են գոլով): Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն կատարեց նաև 2 առանցքային փոխանցում, գնդակին հպվեց 51 անգամ, փոխանցումների ճշգրտությունը՝ 89,5 տոկոս՝ ամենաբարձր ցուցանիշն «Ինտերի» այն խաղացողների շրջանում, որոնք եղել են մեկնարկային կազմում:



«Մենք «Ինտերն» ենք»,- խաղից հետո գրել է Մխիթարյանը Ֆեյսբուքում:


