Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց գործող չեմպիոն «Նապոլիին»:
Փոխչեմպիոնի կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: 36-ամյա կիսապաշտպանը 31-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում գնդակի համար ակտիվ պայքար մղեց մրցակցի ավագ Ջովանի Դի Լորենցոյի դեմ, ինչի արդյունքում խախտեց կանոնները: Մխիթարյանն այս դրվագում վնասվածք ստացավ, անմիջապես բժշկական օգնություն ստացավ, սակայն չկարողացավ շարունակել խաղը` հարկադրված փոխարինվելով: Մրցավարն էլ VAR-ով դրվագը դիտելուց հետո 11-մետրանոց նշանակեց, որն իրացրեց Կևին Դե Բրույնեն:
Բելգիացի կիսապաշտպանը ևս 4 րոպե անց վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվեց:
54-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Սքոթ Մաքթոմինեյը, 5 րոպե անց Հաքան Չալհանօղլուն 11-մետրանոցից կրճատեց հաշիվը, ևս 7 րոպե անց էլ խաղի վերջակետը դրեց տանտերերի կիսապաաշտպան Անդրե Զամբո-Անգիսան` 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով Անտոնիո Կոնտեի թիմին:
«Նապոլին» 18 միավորով բարձրացավ առաջին տեղ, «Ինտերը» 15 միավորով «Ռոմայի» հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:
Իտալիայի Ա Սերիա, 8-րդ տուր
«Նապոլի» - «Ինտեր»` 3-1
Կևին Դե Բրույնե, 33 (11մ), Սքոթ Մաքթոմինեյ, 54, Անդրե Զամբո-Անգիսա, 66 - Հաքան Չալհանօղլու, 59 (11մ)
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


