Իտալիայի Ա Սերիայի առաջին շրջանի վերջին՝ 19-րդ տուրում առաջատար «Ինտերն» ընդունեց «Վերոնային» ու հաղթեց 2-1 հաշվով։ Միլանյան ակումբը հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում։
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որն աչքի ընկավ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո (տեսանյութ)։
Չնայած խաղային առավելությանը՝ «Ինտերը» գոլ բաց թողեց 74-րդ րոպեին։ Հաշիվը հավասարեցրեց ֆրանսիացի հարձակվող Տոմա Անրին։
83-րդ րոպեին «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կատարեց կրկնակի փոփոխություն՝ Հենրիխ Մխիթարյանի ու Բենժամեն Պավարի փոխարեն դաշտ դուրս բերելով Ալեքսիս Սանչեսին ու Դավիդե Ֆրատեզիին։ Հենց իտալացի կիսապաշտպան էլ ավելացված 4-րդ րոպեին խփեց դաշտի տերերի հաղթական գոլը։ Քիչ անց «Վերոնան» ունեցավ հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն, սակայն գոլի հեղինակ դարձած Տոմա Անրին վրիպեց 11-մետրանոցից։
«Ինտերը» միավորների քանակը հասցրեց 48-ի և 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել ու հունվարի 7-ին կհյուրընկալվի «Սալերնիտանային»։ «Վերոնան» 14 միավորով 17-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր
«Ինտեր» - «Վերոնա»՝ 2-1
Լաուտարո Մարտինես, 13, Դավիդե Ֆրատեզի, 90+4 – Տոմա Անրի, 74
Հեռացում՝ Դարկո Լազովիչ, 90+6 («Վերոնա»)
Վրիպում 11-մետրանոցից՝ Տոմա Անրի, 90+10 («Վերոնա»)