Logo

Մխիթարյան. «Ուրախ եմ երկրորդ մրցաշրջանն «Ինտերում» սկսելու համար»

23:58 / 16.07.2023Ֆուտբոլ
Հենրիխ Մխիթարյան-8

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանից առաջ խոսել է իր սպասելիքներից:

«Ուրախ եմ, որ սկսել եմ իմ երկրորդ մրցաշրջանն «Ինտերում»: Ամբողջությամբ պատրաստ եմ ու սպասում եմ խաղընկերներիս վերադարձին, որպեսզի միասին ձգտենք մեր նպատակներին: Նրանք միշտ օգնում են ինձ, իսկ ես ամեն մի խաղում անում եմ ուժերիս առավելագույնը՝ թիմին օգնելու համար: Այստեղ եմ, որ խաղամ, պատմություն կերտեմ: 

Անհատական նպատակներ չեմ փնտրում. ինձ հետաքրքրում են միայն թիմային ծրագրերը: Ցանկանում ենք հաջող մեկնարկել մրցաշրջանը, պայքարել բոլոր ճակատներով, իսկ Չեմպիոնների լիգայում որքան հնարավոր է հեռուն գնալ, փորձել կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունը»,- Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 34-ամյա հայ կիսապաշտպանը միլանյան գրանդին միացել է 2022 թվականի հուլիսին: Մխիթարյանն «Ինտերի» կազմում անցկացրել է 49 պաշտոնական խաղ, խփել 5 գոլ, կատարել 2 ասիստ: Նախորդ մրցաշրջանում Հենրիխն իտալական ակումբի հետ դարձել էր երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր, իսկ Չեմպիոնների լիգայում հասել էր եզրափակիչ՝ դառնալով եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչին մասնակցած առաջին հայ ֆուտբոլիստը: Մրցաշարի վճռորոշ խաղում «Ինտերը» նվազագույն հաշվով պարտվել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել էր պատմության մեջ առաջին անգամ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա