Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ ներկայացել է Բերգամոյի «Ատալանտայի» դեմ Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպման նախախաղային ասուլիսին:
«Մրցաշրջանի սկզբում մարզավիճակիս գագաթնակետին չէի, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ կարգավորվեց: Ֆրատեզիի և Զիելինսկիի հետ մրցակցությունը մղեց ինձ կատարելագործվելու:
Ես չեմ կենտրոնանում իմ տարիքի վրա, փոխարենը` երախտապարտ եմ, թե ինչպես են ինձ ամեն օր մարտահրավեր նետում, որպեսզի ցուցադրեմ իմ որակները և վաստակեմ իմ տեղը հիմնական կազմում:
Մենք բոլորս ցանկանում ենք խաղալ, բայց այստեղ ենք, որպեսզի աջակցենք միմյանց և ներդնենք մեր առավելագույնը հաղթանակի համար:
«Ինտերը» վերադարձել է Էր Ռիադ, որտեղ երկու անգամ նվաճել է Սուպերգավաթը: Հույս ունենք կրկնել այդ հաջողությունը։
Գիտենք «Ատալանտայի» ներուժը, բայց հուսով եմ, որ մեր երկրպագուները կօգնեն մեզ զգալ ինչպես տանը և հաղթանակ տանը: Վաղվա հանդիպումը շատ կարևոր է մեզ համար:
«Ատալանտան շատ լավ է հանդես գալիս, բայց մենք կկենտրոնանանք սեփական խաղի վրա և կանենք այն, ինչ անհրաժեշտ է հաղթելու համար:
Սուպերգավաթը նվաճելը մեզ համար կարևոր է, և մենք ամեն ինչ կտանք հաղթանակի հասնելու համար: Դժվար հանդիպում է լինելու, բայց մենք հուսով ենք, որ մեր լավագույն խաղը կցուցադրենք:
Ապագայի վերաբերյալ կասեմ որ պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի ավարտից հետո»,- 35-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է SempreInter-ը:
«Ինտեր» - «Ատալանտա» խաղը տեղի կունենա հունվարի 2-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Հունվարի 3-ին էլ եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Թուրինի «Յուվենտուսն» ու «Միլանը»: Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումները կանցկացվեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում:


