Logo

Միշա Ալոյան. «Եկել է գեղեցիկ վերջակետ դնելու ժամանակը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:29 / 19.01.2022ՍՊՈՐՏ
Misha Aloyan

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մրցանակակիր Միշա Ալոյանը պատրաստվում է փետրվարի 20-ին հրաժեշտի մենամարտ անցկացնել և պաշտոնապես հայտարարել մարզական կարիերայի ավարտի մասին:

33-ամյա մարզիկի մասնակցությամբ մրցամարտը նախատեսված է Մոսկվայում: Մրցակիցը դեռ որոշված չէ։ Ալոյանի մարզիչ Էդուարդ Կրավցովը РИА Новости-ին հայտնել է, որ այդ հարցը կհստակեցվի առաջիկա օրերին, և հանդիպման վերաբերյալ համապատասխան պայմանագիր կկնքվի։

«Պետք չէ զարմանալ իմ որոշումից։ Ամեն դեպքում տարիքս այնպիսին է, որ որոշել եմ ավարտել կարիերաս։ Դա նախատեսել էի անել դեռ անցյալ տարի՝ նոյեմբերի 30-ին, սակայն Կեմերովոյում ծրագրված բռնցքամարտի երեկոն տեղի չունեցավ, և միջոցառումը տեղափոխեցինք փետրվարին։ Ամսի 20-ին անցկացնելու եմ սիրողական և պրոֆեսիոնալ ռինգում վերջին մենամարտս։ Ունեցել եմ մարզական վառ կենսագրություն և հիմա լրջորեն մարզվում եմ, որպեսզի հաղթեմ և գեղեցիկ վերջակետ դնեմ վերջին մարտում»,- ասել է Ալոյանը։

Նա բռնցքամարտով սկսել է զբաղվել Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքում, ապա տեղափոխվել է Նովոսիբիրսկ։ «Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կստացվի, բայց սա բռնցքամարտ է։ Պարտվել հաստատ չեմ պատրաստվում։ Իհարկե, միշտ էլ ցանկալի է մենամարտել Սիբիրի հողում՝ Կեմերովոյում, Նովոսիբիրսկում, բայց հանգամանքներն այնպես են դասավորվել, որ հրաժեշտի հանդիպումս կկայանա Մոսկվայում»,- ավելացրել է նա։

Սիրողական բռնցքամարտում Ալոյանը դարձել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, աշխարհի (2011, 2013) և Եվրոպայի չեմպիոն (2010)։ Իսկ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 8 հանդիպում և պարտվել միայն մեկում՝ 2018-ին թեթևագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոն Զոլանի Տետեին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա