Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեն ստացել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի մրցանակը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
45-ամյա գերմանացին նման պատվի է արժանացել նշանակալի նվաճումների, պրոֆեսիոնալիզմի ու օրինակելի անհատական որակների համար։ Կարիերայի ընթացքում Կլոզեն աչքի է ընկել արդար խաղի դրսևորումներով։
2014թ․ աշխարհի չեմպիոնն ակումբային կարիերայի ընթացքում խաղացել է գերմանական «Հոմբուրգում», «Կայզերսլաուտերնում», Մյունխենի «Բավարիայում», Բրեմենի «Վերդերում» ու իտալական «Լացիոյում»։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անվանի հարձակվողը սկսել էր մարզչական կարիերա։ Նա աշխատել է Գերմանիայի հավաքականի ու «Բավարիայի» մարզչական շտաբերում, գլխավորել է մյունխենցիների Մ17 թիմը, իսկ 2022-2023-ին զբաղեցրել է ավստրիական «Ալտախի» գլխավոր մարզիչի պաշտոնը։