Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ, հարձակվող Արթուր Միրանյանը, կիսապաշտպան Գոռ Մանվելյանը և պաշտպան Սերգեյ Մուրադյանը FastNews-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել են Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 6-րդ տուրի խաղում Լատվիայի թիմի նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակը։
Միրանյան. «Դժվար է ասել` ինչ էմոցիաներ ունեմ, բայց շատ ուրախ եմ, որ հաղթական գոլ խփեցի։ Հուսով եմ` կշարունակեմ օգուտ տալ Հայաստանի հավաքականին։ Գիտեինք, որ դժվար հանդիպում է լինելու։ Փառք Աստծո, ամեն ինչ լավ ստացվեց և հաղթեցինք»։
Մանվելյան. «Իհարկե, բոլորս շատ ուրախ ենք։ Սա մեզ համար կարևոր հանդիպում էր։ Մեր նպատակը երկրորդ տեղը գրավելն էր։ Հաղթեցինք ու ստացվեց, ինչի համար շատ ուրախ ենք։ Գիտեինք, որ առաջին խաղակեսը վատ ենք անցկացրել։ Հանդերձարանում բոլորս փորձել ենք միմյանց մոտիվացնել, որպեսզի դուրս գանք դաշտ ու հաղթենք։ Հայ երկրպագուներ էլ կային տրիբունաներում և նրանք նույնպես օգնեցին` հաղթանակի հասնելու համար»։
Մուրադյան. «Առաջին խաղակեսում մի փոքր լարված էինք, քանի որ պետք էր արդյունք ապահովեինք։ Մարզիչը դա նկատել էր և ընդմիջմանն ասաց, թե ինչպես պետք է խաղանք։ Երկրորդ կեսն ավելի լավ անցկացրինք։ Խմբում երկրորդ տեղը գրավեցինք, սակայն դա չի գոհացնում մեզ։ Առաջադրանք ունեինք հաղթել խմբում»։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում 7 միավորով գրավել է երկրորդ տեղը, նվաճել մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր և կպայքարի B դիվիզիոն դուրս գալու համար։