Մադրիդի «Ռեալն» օգոստոսի 8-ին իր մարզաբազայում ընկերական խաղ է անցկացրել «Լեգանեսի» հետ փակ դռների հետևում և հաղթել 4-1 հաշվով:
Հաշիվը բացել է «Լեգանեսի» ֆուտբոլիստ Սուլե Էլ Հադադին՝ Մունիր Էլ Հադադիի եղբայրը: Դրանից հետո, սակայն, Չաբի Ալոնսոյի գլխավորած տղաները 4 գոլ են խփել: «Ռեալից» դարպասի գրավմամբ աչքի են ընկել Բրահիմ Դիասը, Դին Հաուսենը, Էդեր Միլիտաոն ու Ֆրանսիսկո Պիտարչը:
Ի դեպ, Էդեր Միլիտաոն մրցակցի դարպասը գրավել է սեփական կիսադաշտից կատարած հարվածով, որի տեսագրությունը բրազիլացին հրապարակել է X-ում:
🎯🤷🏾♂️ pic.twitter.com/Hb4qi0x8mY
— Éder Militão (@edermilitao) August 8, 2025
«Ռեալը» 4-3-3 սխեմայով խաղացել է հետևյալ մեկնարկային կազմով՝
Տիբո Կուրտուա, Դանի Կարվախալ, Ռաուլ Ասենսիո, Դին Հաուսեն, Ալվարո Կառերաս, Ֆեդե Վալվերդե, Դանի Սեբալյոս, Բրահիմ Դիաս, Վինիսիուս Ժունիոր, Գոնսալո Գարսիա, Կիլիան Մբապե:
2024 թվականին խաչաձև կապանների լուրջ վնասվածք ստանալուց հետո Դանի Կարվախալը մեկնարկային կազմում անցկացրել է առաջին հանդիպումը: Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում առաջին անգամ հանդես է եկել «10» համարի մարզաշապիկով:
Խաղին մասնակցել են «Ռեալի»՝ վնասվածք չունեցող բոլոր ֆուտբոլիստները: Վնասվածքի պատճառով բացակայել են Ջուդ Բելինգհեմը, Ֆեռլան Մենդին ու թիմի նոր «9» համար Էնդրիկը:
Երկրորդ խաղակեսին մասնակցել է Ռոդրիգոն, որը եղել է ավագի թևկապով:
🚨 RODRYGO fue el capitán en la segunda parte contra el Leganés. pic.twitter.com/4Ov5dzApT4
— REAL MADRID FANS 🤍 (@AdriRM33) August 8, 2025
Հաջորդ ընկերական խաղն «Արքայական ակումբը» կանցկացնի օգոստոսի 12-ին ավստրիական «Տիրոլի» հետ: Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում մադրիդյան գրանդը կմեկնարկի օգոստոսի 19-ին՝ «Օսասունայի» դեմ տնային խաղով:


