Logo

Միլևսկի. «Մարզավիճակը կարևոր չէ, իմ ֆուտբոլիստները խաղում են հանուն Հյուսիսային Մակեդոնիայի»

12:27 / 11.09.2024Ֆուտբոլ
null

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին ամփոփել է Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ տնային հաղթանակը 2-0 հաշվով:

«Իմ ֆուտբոլիստները հերթական անգամ ապացուցեցին, որ արժանի են ներկայացնել ազգային հավաքականը: Ես լավ գիտեմ նրանց բնավորությունը: Երբ նրանց վրա ճնշում է գործադրվում, նրանք միշտ բարձրունքում են լինում: Առաջին կեսի վերջնամասում մենք մնացինք 10 ֆուտբոլիստով և ընդմիջմանը որոշակի փոփոխություններ կատարեցինք: Ինձ մնում էր միայն հավատալ ֆուտբոլիստների որակներին:

Մենք այսօր ագրեսիվության ու համարձակության պահեր ունեցանք: Ափսոս էր առաջին խաղակեսը չավարտել 2-3 գնդակի առավելությամբ, բայց ֆուտբոլիստներն ավելին արեցին, քան կարող էին: Ինձ համար բացարձակապես կարևոր չէ, թե իմ ֆուտբոլիստներն ինչ մարզավիճակում են գալիս հավաքական: Նրանք խաղում հանուն Հյուսիսային Մակեդոնիայի, և դրա համար արժանի են շնորհավորանքների:

Ես ասել էի, որ եթե այսօր հաղթենք Հայաստանին, մինչև վերջ կմնանք առաջին տեղում, բայց առջևում դեռ 4 խաղ կա, ճանապարհը երկար է»,- Միլևսկու խոսքը մեջբերում է ekipa.mk-ն:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենա» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում դաշտի տերերը մնացել էին 10 խաղացողով, սակայն ընդմիջումից հետո երկու գոլ էին խփել ու 4 միավորով գլխավորել չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 3 միավորով երկրորդ տեղում է, Լատվիան նույնքան միավորով երրորդն է, իսկ Ֆարերյան կղզիների հավաքականը 1 միավորով եզրափակում է խումբը։

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում մեկնարկել էր սեպտեմբերի 7-ին և Երևանում 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լատվիայի նկատմամբ։ Հյուսիսմակեդոնացիներն առաջին տուրում ոչ-ոքի էին խաղացել Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին և մրցակցի խաղադաշտում կմրցի Ֆարերյան կղզիների դեմ։ Երեք օր անց էլ կկայանա հյուսիսմակեդոնացիների դեմ պատասխան հանդիպումը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ