Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Միլանը» 2-1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Ինտերին»։
Կողմերն առաջին կեսում փոխանակվեցին մեկական գոլով։ 10-րդ րոպեին «Ռոսոներիին» առաջ մղեց ԱՄՆ-ի ազգային հավաքականի վինգեր Քրիստիան Պուլիշիչը, որի գոլին «Ներաձուրին» 28-րդ րոպեին պատասխանեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի դիպուկ հարվածով։
Երկրորդ խաղակեսում «Միլանը» ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, բայց նոմինալ տանտեր «Ինտերին» բազմաթիվ դրվագներում փրկեց շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը, իսկ անգլիացի հարձակցող Թեմի Աբրահամն անչափ նպաստավոր դիրքից շեղ հարվածեց։
Թվում էր, թե կգրանցվի ոչ-ոքի, բայց Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը 89-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո խփեց հաղթական գոլը։ Աչքի ընկավ իտալացի պաշտպան Մատեո Գաբիան։
«Ինտերի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 63-րդ րոպեին։ 18-րդ րոպեին հայ կիսապաշտպանը զգուշացվել էր դեղին քարտով։
Այս հաղթանակից հետո «Միլանը» 8 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, իսկ «Ինտերը» նույնքան միավորով 6-րդն է։
Ա սերիա, 5-րդ տուր
«Ինտեր» - «Միլան»` 1-2
Ֆեդերիկո Դիմարկո, 28 - Քրիստիան Պուլիշիչ, 10, Մատեո Գաբիա, 89