«Միլանի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆթուս-Չիկը հոսպիտալացվել է և կվիրահատվի, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Անգլիացի ֆուտբոլիստը մարտի 30-ի գիշերը որովայնի հատվածում սուր ցավեր է ունեցել։ Առավոտյան «Ռոսոներիի» բուժանձնակազմը զննել է նրան և ախտորոշել կույր աղիքի բորբոքում։
29-ամյա ֆուտբոլիստին կվիրահատեն Նեապոլում։ Նա ակումբի հետ պետք է մասնակցեր «Նապոլիի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրի արտագնա հանդիպմանը, սակայն խաղադաշտ դուրս չի գա։
Լոֆթուս-Չիկն ընթացիկ մրցաշրջանում 22 խաղում 1 ասիստ է կատարել։
«Նապոլի» - «Միլան» հանդիպումը կկայանա մարտի 30-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի 22:45-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։