Logo

«Միկայի» դարպասապահի բացառիկ ռեկորդը, «Վանի» պատմության լավագույն ռմբարկուն. գավաթի 1/8 եզրափակիչը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:09 / 04.10.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումներից հետո հայտնի դարձան քառորդ եզրափակիչի այն 5 մասնակիցները, որոնք միացան այդ փուլից պայքարը սկսող «Փյունիկին» և «Արարատ-Արմենիային»: Քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը կորոշվի «Նոա» - «Ալաշկերտ» խաղում:

FastNews-ը գավաթի 1/8 եզրափակիչի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Կայացած 5 հանդիպումներից միայն մեկում հաղթեցին դաշտի տերերը, մեկում գրանցվեց ոչ-ոքի, 3 խաղում հաջողության հասան հյուրերը: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 11 հանդիպումներից 3-ում հաղթել են դաշտի տերերը, 7-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, մեկ խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 5 հանդիպումներում խփվեց 14 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,8 գոլ): Գավաթի ընթացիկ խաղարկության 11 հանդիպումներում արդեն գրանցվել է 47 գոլ (միջինը մեկ խաղում՝ 4,27 գոլ):

2. «Վանը» «Շիրակի» նկատմամբ յուրօրինակ ռևանշի հասավ գավաթի մրցաշարում նախկինում կայացած միակ խաղում կրած պարտության դիմաց՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Հիշեցնենք, որ մրցակիցների միջև 2022թ. նոյեմբերի 24-ին Գյումրիում կայացած գավաթային միակ խաղում «Շիրակն» Ալազան Դումբիայի և Արտեմ Գևորգյանի խփած գոլերի շնորհիվ կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել: Ընդ որում խաղասկզբում «Վանի» հարձակվող Էդգար Մովսեսյանի իրացրած 11մ հարվածը շեղ էր ստացվել:

Գավաթի բոլոր 6 խաղարկություններում էլ «Վանը» նվազագույնը քառորդ եզրափակիչի ուղեգիր է նվաճել: Իսկ լավագույն արդյունքը Չարենցավանի թիմը ցույց է տվել 2021/22թթ. խաղարկությունում՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ:

3. «Արարատը» 3-րդ մրցաշրջանն անընդմեջ առաջին իսկ խաղից հետո դուրս է մնում Հայաստանի գավաթի մրցաշարից՝ հետխաղյա 11մ հարվածաշարում զիջելով «Գանձասարին»: Գավաթի 2022/23թթ. խաղարկությունում արարատցիները 1/8 եզրափակիչում 0-4 հաշվով պարտվել էին «Արարատ-Արմենիային», իսկ հաջորդ տարի նույն փուլում պայքարից դուրս էին մնացել «Փյունիկի» հետ դիմակայությունում՝ 1-3:

4. «Վեստ Արմենիան» կրկնեց գավաթի մրցաշարերում 2020/21թթ. խաղարկությունում գրանցած իր լավագույն արդյունքը՝ մտնելով քառորդ եզրափակիչ: Հետաքրքիր է, որ այն ժամանակ էլ «Վեստ Արմենիան» 1/8 եզրափակիչում առավելության էր հասել «Սյունիքի» նկատմամբ (3-2), որը կրում էր «Գանձասար-Կապան» անվանումը և ելույթ էր ունենում Բարձրագույն խմբում: 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը չէր կայացել, քանի որ մինչև այդ «Գանձասար-Կապանը» հրաժարվել էր առաջնության հետագա մասնակցությունից:

5. «Լեռնային Արցախը» գավաթի ընթացիկ խաղարկությունում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ կրկին անառիկ պահելով սեփական դարպասը: Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում «Լեռնային Արցախը» Վանաձորում հյուրընկալվելիս 7-0 հաշվով պարտության էր մատնել «Բենտոնիտին»՝ տոնելով գավաթի մրցաշարերում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը:

6. Գավաթի մրցաշարերում «Ուրարտուն» 2-րդ անգամ մրցեց ԲԿՄԱ-ի հետ ու կրկին 4 անպատասխան գնդակ խփեց մրցակցի դարպասը: Մրցակիցների առաջին հանդիպումը կայացել էր գավաթի նախորդ խաղարկության քառորդ եզրափակիչում:

Գավաթային վերջին 7 հանդիպումներում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմն անպարտելի է՝ տոնելով 6 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, խփելով 21 գոլ, բաց թողելով ընդամենը 3 գնդակ: Վերջին պարտությունն «Ուրարտուն» կրել է «Նորավանքից» 2021/22թթ. խաղարկության եզրափակիչում՝ 0-2:

7. «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստներ Օլուեբուբե Օնուոհան և Ախմեդ Ջինդոյանը գավաթի ընթացիկ խաղարկությունում 3-րդ գոլերը խփեցին ու կրկնեցին թիմի նախկին հարձակվող Արարատ Ղազարյանի 2001թ. մրցաշարում գրանցած արդյունավետության ռեկորդը:

8. «Սյունիքի» հարձակվող Արտեմ Հարությունյանը գրավելով «Վեստ Արմենիայի» դարպասը, 4 գնդակով շարունակում է գլխավորել գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների ցանկը: 1/16 եզրափակիչում «Նիկարմի» հետ խաղում Հարությունյանը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել:

9. «Շիրակի» հետ խաղում դուբլ ձևակերպած Մոմո Տուրեն 3 գնդակով դարձավ Հայաստանի գավաթի մրցաշարերում «Վանի» պատմության լավագույն ռմբարկուն: Նա իր գոլերի հաշիվը բացել էր գավաթի նախորդ խաղարկությունում՝ այս տարվա մարտի 12-ին Երևանում «Փյունիկի» հետ կայացած քառորդ եզրափակիչ խաղում:

10. «Միկայի» դարպասապահ Սարգիս Դերձակյանը «Լեռնային Արցախի» հետ խաղում բացառիկ ռեկորդ սահմանեց՝ հանդիպման հիմնական ժամանակում հետ մղելով 3 11մ հարված՝ հաղթող դուրս գալով Ախմեդ Ջինդոյանի, Արթուր Օրդինյանի և Տիգրան Հակոբյանի հետ պայքարում: Սակայն չնայած դարպասապահի այդ սխրանքին, «Միկան» չկարողացավ հաջորդ փուլ մտնել՝ լրացուցիչ ժամանակում 0-2 հաշվով պարտություն կրելով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ