Logo

Մհեր Թառլոյան. «Իմ սերը ֆուտբոլի հանդեպ այնքան մեծ է, որ ամեն ջանք գործադրեցի հարմարվելու համար»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
15:00 / 22.10.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում ընդամենը երկու թիմ կազմն ընտրելիս մրցաշրջանի ընթացքում չի բախվի լեգեոնականների սահմանափակման խնդրին: Այդ թիմերն են ԲԿՄԱ-ն, որը խաղում է միայն հայերով, և «Շիրակը», որի կազմում ընդամենը 4 արտասահմանցի կա: Մյուս ակումբներում միջինում 16 լեգեոներ կա: Այսպիսի պայմաններում հիմնականում տեղացի ֆուտբոլիստներով հանդես եկող թիմերի ելույթները չեն կարող լրացուցիչ հետաքրքրություն չառաջացնել, հատկապես եթե այդ թիմերից մեկը «Շիրակի» պես անվանի ակումբ է:

Ծառայության 2 տարին ԲԿՄԱ-ում անցկացնելուց հետո ամռանը «Շիրակ» վերադարձավ Մհեր Թառլոյանը, որը հետզհետե դառնում է գյումրեցիների կարևոր ֆուտբոլիստներից: FastNews-ը զրուցել է 20-ամյա ֆուտբոլիստի հետ:

- Գյումրեցիները միշտ բազմաթիվ տաղանդներ են ունեցել ֆուտբոլում: Դուք նո՞ւյնպես ծնվել եք Գյումրիում, թե՞ հարակից այլ  վայրում:

- Այո՛, հենց Գյումրիից եմ: 7 տարեկանից սկսել եմ զբաղվել ֆուտբոլով: 9 տարեկան էի, երբ բացվեց «Շիրակի» ֆուտբոլի ակադեմիան, և տեղափոխվեցի այնտեղ: Արդեն 11 տարի է՝ «Շիրակի» ֆուտբոլիստ եմ:

- Մեծահասակների ֆուտբոլում Ձեզ շատ դիրքերում ենք տեսել, բայց հետաքրքիր է՝ փոքր ժամանակ ո՞ր դիրքում  էիք  խաղում:

- Ամենասկզբից խաղացել եմ «9 համարի» դիրքում: Հետո 2 տարի կենտրոնական կիսապաշտպան էի, բայց 17 տարեկանում, երբ սկսեցի խաղալ «Շիրակի» գլխավոր թիմում, արդեն եզրային կիսապաշտպան էի:

- ԲԿՄԱ-ում Արմեն Գյուլբուդաղյանցը Ձեզ հաճախ ձախ պաշտպանի դիրքն էր վստահում: Ինչպե՞ս ստացվեց, որ այդպիսի փոփոխության  գնացիք:

- Այո՛, ԲԿՄԱ-ում ես խաղում էի եզրային պաշտպանի դիրքում, բայց սկզբում՝ աջից: Հետո վնասվածք ստացավ մեր ձախ պաշտպանը: Տեղափոխվեցի ձախ եզր և արագ հարմարվեցի:

- Հարձակողական ոճի կիսապաշտպանից՝ եզրային պաշտպան.  ինչպե՞ս  հարմարվեցիք:

- Ես եզրային պաշտպանի դիրքում առաջին անգամ խաղացի Հայաստանի Մ19 հավաքականում, երբ  մարզիչը Ռազմիկ Գրիգորյանն էր: Նախատեսվում էր 3-օրյա հավաք, այնուհետև երկկողմանի խաղ։ Այդ ժամանակ վնասվածք ստացավ մեր աջ պաշտպանը, և մարզիչը ասաց. «Պետք է օգնես մեզ և խաղաս այդ դիրքում»:

Ես այդ օրը լավ խաղացի, մարզչին դուր եկավ իմ ելույթը: Այդ ժամանակ դեռ «Շիրակում» էի: Հետո տեղափոխվեցի ԲԿՄԱ և սկսեցի խաղալ աջ պաշտպանի դիրքում, քանի որ պատրաստվում էինք Եվրոպայի Մ19 առաջնությանը, որտեղ խաղալու էի աջ պաշտպանի դիրքում: Դժվարություններ կային, քանի որ առաջին անգամ էի խաղում պաշտպանական գծում։ Իմ սերը ֆուտբոլի հանդեպ այնքան մեծ էր, որ քրտնաջան աշխատեցի, ամեն ջանք գործադրեցի՝ այդ դիրքին շուտ հարմարվելու համար։

- Այլ եզրային պաշտպանների խաղ հետազոտո՞ւմ  էիք՝ ավելի արագ ադապտացվելու համար:

- Իհարկե:

- Կնշե՞ք անուններ:

- Աշրաֆ Հաքիմի, Ալեխանդրո Բալդե, Նունու Մենդեշ:

- Երբ վերադառնում էիք «Շիրակ», մարզչի հետ խոսեցի՞ք խաղային դիրքի  մասին:

- Երբ եկա թիմ, մարզիչն ասաց՝ «Շիրակում» խաղալու եմ եզրային կիսապաշտպանի դիրքում: Դա նախկինում էլ իմ հիմնական դիրքն էր:

- Ի՞նչ սպասումներով էիք ԲԿՄԱ-ից վերադառնում «Շիրակ»:

- Լավ սպասումներով և մեծ ցանկությամբ, քանի որ իմ հարազատ ակումբն է «Շիրակը»: Փորձելու եմ ամեն խաղին տալ իմ առավելագույնը՝ օգնելու թիմին հասնել հաջողության։

- Արդեն առաջնության 1/3 մասն ավարտվել է: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր խաղն այս մրցաշրջանի  սկզբում:

- Հիմա ֆունկցիոնալ լավ վիճակում եմ և ամեն խաղին փորձում եմ բարելավվել: Թիմակիցներիս հետ բավականին լավ եմ համագործակցում: Նրանց մեծ մասի հետ փոքրուց խաղացել եմ:

- Հիմա «Շիրակը» 10 խաղից հետո 6 միավոր ունի: Ինչպե՞ս դա բացատրել:

- Ունենք քիչ լեգեոներներով երիտասարդ թիմ, որն ամեն հանդիպմանը դուրս է գալիս պայքարելու, նվիրված խաղալու և հաղթանակի համար: Խաղից խաղ զգում ենք փոփոխություն դեպի լավը։

- 6 միավորը որքանո՞վ է ցույց տալիս թիմի  ներուժը:

- Դեռ լիարժեք ցույց չի տալիս թիմի կարողությունները։ Մենք շատ հանդիպումներում լավ ենք խաղացել, բայց երբեմն արդյունքը չի համապատասխանում մեր ցուցադրած ֆուտբոլին։ Վստահ եմ՝ առաջիկա խաղերում մենք կկարողանանք դա շտկել:

- Դուք ներկայացնում եք նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը վաղուց դրական արդյունքներ չունի։ Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Չեմ ասի, թե արդյունքները ցույց են տալիս մեր իրական մակարդակը։ Թիմը լավ կազմ ունի, ուղղակի պետք է մի քիչ ժամանակ, որ ամեն ինչ իր տեղն ընկնի։ Ես հավատում եմ, որ առաջիկայում կտեսնեք ամբողջովին ուրիշ հավաքական:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ