Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ Կատարում կայանալիք Մունդիալ-2022-ը վերջին աշխարհի առաջնությունն է լինելու իր համար:
«Այդ առաջնությունն ինձ համար լինելու է վերջինը, դա հաստատ է: Որոշումը կայացված է»,- Մեսիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը 2008 թվականից է խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում դարձել է 2014թ. աշխարհի փոխչեմպիոն ու 2021թ. Ամերիկայի գավաթի հաղթող:
35-ամյա Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել արգենտինացուն:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 9 խաղի, խփել 5 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Բոլոր մրցաշարերում նա գոլի հեղինակ է դարձել նախորդ 6 խաղերում անընդմեջ: