Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ապրիլի 2-ին վերադարձել է Մայամիի «Ինտերի» մարզումներին, հայտնում է Daily Mail-ը։ 36-ամյա ֆուտբոլիստի ապաքինման վերաբերյալ ամերիկյան ակումբը դեռևս տեղեկություն չի հայտնել:
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն ազդրի վնասվածքի պատճառով բաց է թողել «Ինտեր Մայամիի» նախորդ երեք խաղերն ու Արգենտինայի ազգային հավաքականի երկու ընկերական մրցավեճերը:
Աշխարհի չեմպիոնը կարող է խաղադաշտ վերադառնալ մեքսիկական «Մոնտերեի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչի մրցավեճում, որը կկայանա ապրիլի 5-ին:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն MLS-ի կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման, դարձել նույնքան գոլի և երկու ասիստի հեղինակ:


