Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել Չիլիի թիմի դեմ ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում (1-0)։ Այդ մասին ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվողը հայտնել է հանդիպումից հետո։
«Ոտքս մի քիչ անհանգստացնում էր ինձ, սակայն կարողացա ավարտին հասցնել հանդիպումը։ Հուսով եմ՝ ոչ մի լուրջ բան չկա։ Ցավ զգացի առաջին խաղակեսի սկզբում, ինձ համար ծանր էր։ Անհարմարություն էի զգում տեղաշարժվելիս։ Վաղը կտեսնենք, թե ինչ պետք է անել»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։
Չիլիի հավաքականի դեմ հանդիպման միակ գոլը խփել էր Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որն աչքի էր ընկել 88-րդ րոպեին: Մրցաշարում երկրորդ հաղթանակից հետո աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը ժամկետից շուտ ապահովել էր քառորդ եզրափակիչի ուղեգիրը։ Արգենտինան Կոպա Ամերիկայի գործող գավաթակիրն Է։