ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում ամերիկյան «Ինտեր Մայամին» Լիոնել Մեսիի դուբլի օգնությամբ հաղթել է «Դալասին» ու դուրս եկել հաջորդ փուլ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 4-4 հաշվով, Մայամիի թիմը հաղթել է հետխաղյա 11-մետրանոցներով։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագը 6-րդ րոպեին բացել է հաշիվը, իսկ 85-րդ րոպեին խփել հանդիպման վերջին գոլը։ 36-ամյա Մեսին նոր թիմում դուբլի հեղինակ է դարձել երրորդ խաղում անընդմեջ։ Արգենտինացի հարձակվողը դիպուկ է գտնվել նաև հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։
«Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում ամբողջ խաղին մասնակցել են նաև կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժորդի Ալբան ու կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
Քառորդ եզրափակիչում «Ինտեր Մայամիի» մրցակիցը կլինի «Շառլոտ» - «Հյուսթոն Դինամո» զույգի հաղթողը։


