MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին դեռ չի ապաքինվել վնասվածքից ու երրորդ անգամ անընդմեջ բաց կթողնի ամերիկյան ակումբի խաղը։
ESPN-ը գրում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից։ «Ինտեր Մայամիի» մարզչական շտաբը հուսով է, որ 36-ամյա Մեսին պատրաստ կլինի ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում մեքսիկական «Մոնտերեյի» դեմ առաջին խաղին, որը կայանալու է ապրիլի 4-ին։
Աշխարհի չեմպիոնն արդեն բաց է թողել «Ինտեր Մայամիի» նախորդ երկու խաղերը։ Ֆուտբոլիստն ակումբի կազմում նախորդ հանդիպումն անցկացրել է մարտի 14-ին` 50 րոպե անցկացնելով ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ամերիկյան «Նեշվիլի» դեմ պատասխան խաղում (3-1)։
Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին և MLS-ի կանոնավոր առաջնությունում կմրցի «Նյու Յորք Սիթիի» դեմ։


