Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին 46-րդ տիտղոսն է նվաճել կարիերայում:
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» արտագնա մրցավեճում 3-2 հաշվով հաղթանակ է տարել «Կոլամբուս Քրյուի» նկատմամբ և ժամանակից շուտ ապահովել առաջին տեղը:
Ակումբի համար պատմական խաղում «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն առաջին խաղակեսի վերջնամասում դարձել է դուբլի հեղինակ, ընդմիջումից հետո աչքի է ընկել նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։
«Կոլամբուս Քրյուի» առաջին գոլը խփել է ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը:
«Ինտեր Մայամին» ու «Կոլամբուս Քրյուն» ժամկետից շուտ էին ապահովել MLS-ի փլեյ-օֆֆի ուղեգիր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 37-ամյա Մեսին պայմանագրի ավարտից հետո մտադիր է վերադառնալ հայրենիք, որպեսզի կարիերան ավարտի «Նյուելզ Օլդ Բոյզում», որտեղից սկսել է իր ճանապարհը:


