Սաուդյան Արաբիայի նորընծա չեմպիոն «Ալ Հիլյալի» նախագահ Անմար Ալ Խայիլին պատմել է, որ 2023 թ. ամռանը պայմանագիր է առաջարկել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին։
«Մենք պայմանագիր առաջարկեցինք Մեսիին, երբ նա հեռանում էր ՊՍԺ-ից։ «Ալ Հիլյալը» պատրաստ էր նրան վճարել 1,4 միլիարդ եվրո աշխատավարձ, բայց Լեոն մերժեց, քանի որ նրա ընտանիքը ցանկանում էր տեղափոխվել ԱՄՆ։ Զարմանալի է, թե ինչպես կարող է ֆուտբոլիստը, հանուն ընտանիքի, մերժել նման առատաձեռն առաջարկը։ Բայց մենք հարգում ենք նրա որոշումը։ Ամեն դեպքում, ընտանիքը շատ ավելի կարևոր է, քան փողը»,- Անմար Ալ Խայիլիի խոսքը մեջբերում է NIBC-ը։
Հիշեցնենք, որ Մեսին 2023 թ. ամռանը ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենից» հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակում և տեղափոխվել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամի»։ Ոչ պաշտոնական տվյալներով, 36-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձն այժմ կազմում է 50 միլիոն եվրո։