ԿՈՆԿԱԿԱՖ-ը կարգապահական տույժի է ենթարկել Լիոնել Մեսիի խաղաշապիկը խնդրած մրցավարին, հայտնում է ESPN-ը:
«ԿՈՆԿԱԿԱՖ-ը գիտի Լիոնել Մեսիի և մրցավար Անտոնիո Օրտիսի մասնակցությամբ դրվագի մասին: Կազմակերպությունն անցկացրել է հետաքննություն և հաստատել է, որ մրցավարն իսկապես մոտեցել և խաղաշապիկ ու ստորագրություն է խնդրել Մեսիից:
Օրտիսն ընդունել է, որ խախտել է Կոնֆեդերացիայի վարքականոնը: Նա ներողություն է խնդրել և համաձայն է կարգապահական տույժին»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կայացած «Կանզաս Սիթի» – «Ինտեր Մայամի» առաջին խաղից (0-1) հետո մրցավարը խնդրել էր Լիոնել Մեսիի խաղաշապիկը: Արգենտինացին խոստացել էր մեքսիկացի Անտոնիո Օրտիսին տալ իր խաղաշապիկը, բայց հանդերձարանի մոտ: Այդ պահին օդի ջերմաստիճանը -16 է եղել, և արգենտինացին խուսափել է ավելի շատ մրսելուց:
2022 թվականի աշխարհի չեմպիոնն իր խոստումը կատարել է և հանդերձարան մտնելուց առաջ մեքսիկացի մրցավարին նվիրել է իր խաղաշապիկը: