Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին խոստովանել է, որ հանրահայտ լինելն ունի նաև բացասական կողմեր:
«Մեսի լինելն ունի բացասական կողմեր: Կցանկանայի աննկատ մնալ շատ իրավիճակներում, ուշադրություն չգրավել, չզգալ, որ ինձ անընդհատ հետևում են. դրան արդեն սովորել եմ: Ընտանիքս միշտ եղել է «փախուստիս» լավագույն վայրը: Կնոջս ճանաչում եմ, երբ նա դեռ 7-8 տարեկան էր: Ամբողջ կյանքում մտածել եմ նրա հետ հարաբերությունների մասին:
Երբ ընտանիքիս կամ ընկերներիս հետ եմ, ես Մեսին չեմ, հասարակ մարդ եմ: Իմ համար լավագույնն ընտանիքիս հետ արձակուրդն Արգենտինայում անցկացնելն է»,- «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրի խոսքը փոխանցում է Universo Valdano-ն:
Հիշեցնենք, որ 35-ամյա Մեսին արդեն միացել է Արգենտինայի հավաքականին, որը Կատարում նոյեմբերի 20-ին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբում կմրցի Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի ու Լեհաստանի հետ:


