Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին Կատարում կայացած աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և գրել, որ հաղթանակը նվիրում է երկրպագուներին, արգենտինացի ֆուտբոլիստներին, որոնք չեն կարողացել հաղթել Մունդիալում, ու նաև լեգենդար Դիեգո Մարադոնային:
««Գրանդոլիից» (խմբ. Մեսիի առաջին մանկապատանեկան թիմը) մինչև Կատարում կայացած աշխարհի առաջնություն տևեց գրեթե 30 տարի: Երեք տասնամյակ ֆուտբոլի գնդակն ինձ մեծ ուրախություն և միևնույն ժամանակ մի փոքր տխրություն է պատճառում: Ես միշտ երազել էի աշխարհի չեմպիոն դառնալու մասին և չէի ուզում դադարել փորձերը, չնայած գիտեի, որ դա կարող է երբեք տեղի չունենալ:
Այս գավաթը նույնպես պատկանում է բոլորին, որոնք չեն նվաճել այն նախորդ աշխարհի առաջնություններում, այդ թվում՝ 2014 թվականին, երբ մենք դուրս եկանք եզրափակիչ։ Այն պատկանում է Դիեգոյին, որն աջակցում էր մեզ երկնքից, և բոլոր նրանց, որոնք աջակցում էին ազգային թիմին՝ ուշադրություն դարձնելով ոչ այնքան արդյունքին, որքան այն ցանկությանը, որը մենք միշտ դրսևորում էինք՝ նույնիսկ, երբ ամեն ինչ այնպես չէր, ինչպես մենք էինք ուզում։
Իհարկե, այս հաղթանակը հնարավոր դարձավ մարզչական շտաբի հրաշալի մարդկանց և ազգային հավաքականի բոլոր այն աննկատ անդամների շնորհիվ, որոնք օր ու գիշեր աշխատում էին մեզ համար։
Շատ շնորհակալ եմ բոլորին: Առաջ, Արգենտինա»,- գրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը:
Հիշեցնենք, որ արգենտինացիները եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էին Ֆրանսիայի հավաքականին (3-3, 11մ՝ 4-2), իսկ Փարիզի ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվողը դարձել էր դուբլի հեղինակ և ճանաչվել աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: ԱԱ-2022-ում 35-ամյա Մեսին ռեկորդային 5 անգամ արժանացել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։


