Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին նշել է, որ ազգային թիմը խաղամակարդակով մոտ է իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնային», որին համարում է պատմության լավագույն թիմը։
«Արգենտինայի հավաքականը ֆուտբոլի պատմության լավագույն թիմ «Բարսելոնայի» հետ համեմատելը շատ բան է նշանակում մեզ համար։ Կարծում եմ, որ Ամերիկայի Գավաթում ու աշխարհի առաջնությունում հաղթանակների շնորհիվ մենք շատ մոտ ենք այդ մակարդակին։
Հավաքականն ունի հրաշալի ֆուտբոլիստներ։ Մենք ունենք վառ արտահայտված ոճ, որը հստակ ցույց է տալիս, թե ինչ է Արգենտինայի հավաքականը։ Մեզ դուր է գալիս խաղալ ու ժամանակ անցկացնել միասին»,- ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարում Արգենտինայի հավաքականը 4 խաղում տարել է 4 հաղթանակ և 12 միավորով առաջատարն է։ 2-4-րդ տեղերը բաժանող Ուրուգվայը, Բրազիլիան ու Վենեսուելան ունեն 7-ական միավոր։