Logo

Մերոնք դրսում․ Սպասվող խաղերի ժամանակացույցը և ոչ միայն

Հեղինակ
Արտուշ Հարությունյան
15:50 / 17.05.2024Ազգային լիգաներ
null

Vnews-ը ներկայացնում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների` առաջիկա օրերին սպասվող հանդիպումների ժամանակացույցը և հետաքրքիր տեղեկություններ։ 

Վահան Բիչախչյան

Լեհաստանի առաջնություն, 33-րդ տուր, «Պոգոն» - «Ստալ Մելեց» (Մայիսի 17, 20:00)

«Պոգոնը» Լեհաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում 7-րդն է, բայց մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ պայքարում է Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիր նվաճելու համար։ Շչեցինը ներկայացնող ակումբը երրորդ տեղում ընթացող «Լեգիայից» հետ է մնում երկու միավորով։

Վահան Բիչախչյանը «Պոգոնի» կազմում մասնակցել է 32 խաղերից 31-ին, որոնցում աչքի է ընկել հինգ գոլով ու չորս ասիստով։ Հայաստանի հավաքականի հարձակվողը նախորդ անգամ գոլի հեղինակ է դարձել մարտի 30-ին։

Վարազդատ Հարոյան

Չինաստանի Սուպերլիգա, 12-րդ տուր, «Ցինդաո Ուեսթ Քոսթ» - «Շանհայ Պորտ» (Մայիսի 18, 15:35)

Մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո «Ցինդաո Ուեսթ Քոսթը» նախորդ երեք խաղում անպարտելի է և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղ։

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Չինաստանի Սուպերլիգայի նորեկի կազմում մասնակցել է նախորդ 11 խաղերից 10-ին և միակ հանդիպումը բաց է թողել որակազրկման պատճառով։

Սարգիս Ադամյան

Գերմանիայի Բունդեսլիգա, 34-րդ տուր, «Հայդենհայմ» - «Քյոլն» (Մայիսի 18, 17:30)

Անցումային փլեյ-օֆֆին մասնակցելու հնարավորություն տվող 16-րդ տեղը զբաղեցնելու համար Բունդեսլիգայի վերջին տուրում «Քյոլնը» պետք է հաղթի «Հայդենհայմին» և հուսա, որ «Ունիոն Բեռլինը» կպարտվի «Ֆրայբուրգին»։

Սարգիս Ադամյանը մասնակցել է «Այծերի» նախորդ 14 խաղերին, որոնցից 8-ում եղել է մեկնարկային կազմում։ 30-ամյա հարձակվողը Բունդեսիգայի այս մրցաշրջանում միակ գոլը խփել է մարտի 15-ին՝ աչքի ընկնելով «Լայպցիգի» դեմ 26-րդ տուրի խաղում։

Նաիր Թիկնիզյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր, «Լոկոմոտիվ» - «Ֆակել» (Մայիսի 18, 17:30)

Երեք խաղ բաց թողնելուց հետո Նաիր Թիկնիզյանը Պրեմիեր լիգայի նախորդ տուրում դուրս եկավ փոխարինման և «Օրենբուրգի» դեմ խաղում ստացավ 35 րոպե խաղաժամանակ։ 

Հայաստանի հավաքականի պաշտպանը 21 խաղում դարձել է 6 գոլի ու երեք ասիստի հեղինակ, իսկ ապրիլի 1-ից հետո մասնակցել է երեք հանդիպման։

Տիգրան Բարսեղյան

Սլովակիայի առաջնություն, Չեմպիոնական խումբ, 10-րդ տուր, «Սլովան» - «Ռուժոմբերոկ» (Մայիսի 18, 19:00)

6-րդ անգամ անընդմեջ Սլովակիայի չեմպիոնի կոչումը նվաճած «Սլովանը» նախորդ երեք խաղում կրել է նույնքան պարտություն և բաց թողել 10 գնդակ։

Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության միակ ֆուտբոլիստն է, որը հատել է 10 գոլի և նույնքան ասիստի սահմանը։ Անցկացրած 30 խաղում 30-ամյա հարձակվողն աչքի է ընկել 12 գոլով ու 11 արդյունավետ փոխանցմամբ։

Էդուարդ Սպերցյան, Գեորգի Հարությունյան

Ռուսաստանի առաջնություն, 29-րդ տուր, «Սոչի» - «Կրասնոդար» (Մայիսի 18, 20:00)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում չեմպիոնության համար պայքարող «Կրասնոդարն» ընթանում է երրորդ տեղում և առաջատար Մոսկվայի «Դինամոյին» զիջում է երեք միավորով։ Նախորդ երեք խաղում Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը վաստակել է մեկ միավոր և չի կարողացել դառնալ գոլի հեղինակ։

Էդուարդ Սպերցյանն այս մրցաշրջանում բաց է թողել միայն մեկ հանդիպում, դարձել է 10 գոլի և չորս ասիստի հեղինակ, իսկ Գեորգի Հարությունյանը նախորդ 8 խաղում կա՛մ մնացել է պահեստայինների նստարանին, կա՛մ չի ընդգրկվել հայտացուցակում։

Նարեկ Գրիգորյան

Ռումինիայի առաջնություն, Չեմպիոնական խումբ, 10-րդ տուր, «Կլուժ» - «Ֆարուլ» (Մայիսի 18, 22:00)

Ռումինիայի 2022/23 մրցաշրջանի չեմպիոն «Ֆարուլն» այս առաջնությունում ընթանում է չորրորդ տեղում և վերջին տուրից առաջ զրկվել է եվրագավաթային գոտու համար պայքարելու հնարավորությունից։

«Կրայովայի» դեմ նախորդ տուրի խաղում Նարեկ Գրիգորյանը մեկնարկային կազմում էր և աչքի ընկավ գոլային փոխանցմամբ։ Մինչև 77-րդ րոպեն Գեորգի Հաջիի գլխավորած թիմը հաղթում էր 3-0 հաշվով, բայց չկարողացավ պահպանել առավելությունը (3-3):

Ուգոչուկվու Իվու

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր, «Սպարտակ» - «Ռուբին» (Մայիսի 19, 15:15)

Ուգոչուկվու Իվուն «Ռուբինի» կազմում 26 խաղերից 23-ին մասնակցել է առանց փոխարինման։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում կազանյան թիմը 7-րդն է և վերջին հինգ խաղում պարտություն չունի, իսկ նախորդ տուրում 3-1 հաշվով առավելության է հասել «Ռոստովի» նկատմամբ, որի կազմում խաղում է Խորեն Բայրամյանը։

Խորեն Բայրամյան, Տիգրան Ավանեսյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր, «Ռոստով» - «Բալթիկա» (Մայիսի 19, 17:30)

Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 27 խաղերից 25-ին, բայց առայժմ չի կարողացել բացել գոլերի հաշիվը։ Վերջին անգամ 32-ամյա կիսապաշտպանը դարպասի գրավմամբ աչքի է ընկել 2022 թվականի նոյեմբերի 23-ին։

«Բալթիկան» մրցաշարային աղյուսակում նախավերջինն է ու ևս մեկ պարտություն կրելու դեպքում կարող է դուրս մնալ Պրեմիեր լիգայից։ 22-ամյա կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանն այս մրցաշրջանում միակ գոլը խփել է «Ռոստովի» դեմ խաղում։ Հայաստանի հավաքականի նորեկը Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում դարձել էր հաղթական գոլի հեղինակ։

Հենրիխ Մխիթարյան

Իտալիայի Ա սերիա, 37-րդ տուր, «Ինտեր» - «Լացիո» (Մայիսի 19, 20:00)

«Ինտերի» կազմում Սկուդետոն նվաճելուց հետո «Ֆրոզինոնեի» դեմ Ա սերիայի նախորդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում երկրորդ անգամ մնաց պահեստայինների նստարանին և առաջին անգամ դուրս չեկավ խաղադաշտ։ 

Հայ կիսապաշտպանը 35 խաղում դարձել է երկու գոլի և 8 ասիստի հեղինակ։ 35-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի առաջնության լավագույն ասիստենտների ցուցակում զիջում է միայն Ռաֆայել Լեաուին («Միլան») ու Պաուլո Դիբալային («Ռոմա»), որոնք կատարել են 9-ական գոլային փոխանցում։

Ստյոպա Մկրտչյան

Խորվաթիայի առաջնություն, 35-րդ տուր, «Օսիեկ» - «Ռիեկա» (Մայիսի 19, 21:30)

«Օսիեկը» եզրափակում է Խորվաթիայի Ազգային լիգայի մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը և մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ պայքարում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգրի համար։

2024 թվականին Ստյոպա Մկրտչյանը մասնակցել է «Օսիեկի» 16 հանդիպումներից երեքին, բայց նախորդ հինգ խաղերից երկուսում եղել է մեկնարկային կազմում։

Էդգար Սևիկյան

Հունգարիայի առաջնություն, 33-րդ տուր, «Ֆերենցվարոշ» - «Ույպեշտ» (Մայիսի 19, 22:15)

Հունգարիայում 6-րդ անընդմեջ չեմպիոնությունը նվաճելուց հետո «Ֆերենցվարոշը» գավաթի խաղարկության եզրափակիչում մայիսի 15-ին 0-2 հաշվով զիջեց «Պակշին»։ Էդգար Սևիկյանը փոխարինման դուրս եկավ լրացուցիչ առաջին խաղակեսում և ստացավ 20 րոպե խաղաժամանակ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Բուդապեշտը ներկայացնող թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։

Նորբերտո Բրիասկո Բալեկյան

Արգենտինայի առաջնություն, 2-րդ տուր «Սենթրալ Կորդովա» - «Բոկա Խունիորս» (Մայիսի 20, 03:00)

Արգենտինայի առաջնության նոր մրցաշրջանի առաջին տուրում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Աթլետիկո Տուկումանին»։ Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ընդգրկված էր թիմի հայտացուցակում, բայց մնաց պահեստայինների նստարանին։

Նախորդ անգամ 28-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել ապրիլի 26-ին և «Ֆորտալեզայի» դեմ Արգենտինայի գավաթի խաղարկության երրորդ փուլի խաղում դարձել է ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա