Vnews-ը ներկայացնում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների` այս շաբաթվա ընթացքում սպասվող հանդիպումների ժամանակացույցը և հետաքրքիր տեղեկություններ։
Նարեկ Գրիգորյան
Ռումինիայի առաջնություն, չեմպիոնական գոտու 4-րդ տուր, «Կրայովա» - «Ֆարուլ» (Ապրիլի 12, Երևանի ժամանակով 21:30)
«Ֆարուլը» 26 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Կրայովան» 31 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
«Կրայովան» օրերս դուրս մնաց Ռումինիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչից, որից հետո ներքին առաջնությունում պարտություն կրեց «Ստյաուայից»: Լեգենդար Գեորգե Հաջիի թիմը նախորդ 7 խաղում միայն 1 հաղթանակ է տարել: Նարեկ Գրիգորյանը նախորդ 2 տուրում «Ֆարուլի» կազմում ստացել է համապատասխանաբար 40 և 46 րոպե խաղաժամանակ:
Վահան Բիչախչյան
Լեհաստանի առաջնություն, 28-րդ տուր, «Պոգոն» - «Ռուխ» (Ապրիլի 12, Երևանի ժամանակով 22:30)
«Պոգոնը» 44 միավորով 6-րդն է, իսկ «Ռուխը» 20 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղն է զբաղեցնում:
Նախորդ տուրում «Պոգոնը» 0-1 հաշվով պարտվեց «Լեխին», իսկ «Ռուխը» չի հաղթում 4 անընդմեջ խաղ: Ընթացիկ մրցաշրջանի 11-րդ տուրում «Պոգոնը» «Ռուխին» հաղթել է 3-0 հաշվով: Վահան Բիչախչյանը մասնակցել է հանդիպմանը, սակայն արդյունավետ գործողությունով աչքի չի ընկել:
Հրանտ-Լեոն Ռանոս
Գերմանիայի Բունդեսլիգա, 29-րդ տուր, «Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բորուսիա Դորտմունդ» (Ապրիլի 13, Երևանի ժամանակով 17:30)
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 31 միավորով 11-րդ տեղում է, իսկ «Մեղուները» 53 միավորով եզրափակում են լավագույն հնգյակը:
«Բորուսիաների» միջև կայացած նախորդ խաղերը բավականին գոլառատ են ստացվել: Նախորդ 4 խաղից յուրաքանչյուրում գրանցվել է նվազագույնը 6 գոլ: Ընթացիկ մրցաշրջանի 12-րդ տուրում մյոնխենգլադբախցիները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն Էդին Թերզիչի գլխավորած դորտմունդյան ակումբը 4 գոլ խփեց և հաղթեց 4-2 հաշվով: Հրանտ-Լեոն Ռանոսը նախորդ տուրում հերթական անգամ խաղաժամանակ չստացավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր թիմում, չնայած երկրորդ թիմի կազմում մինչև այդ դարձել էր գոլի հեղինակ:
Սարգիս Ադամյան
Գերմանիայի Բունդեսլիգա, 29-րդ տուր, «Բավարիա» - «Քյոլն» (Ապրիլի 13, Երևանի ժամանակով 17:00)
«Բավարիան» 60 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Քյոլնը» 22 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 17-րդ տեղը:
Մյունխենցիները նախորդ 3 պաշտոնական խաղում չեն հաղթել՝ կրելով 2 պարտություն և 1 հանդիպում ավարտելով ոչ-ոքի, իսկ «Այծերը» 8 խաղ չհաղթելուց հետո նախորդ տուրում կամային հաղթանակ տարան «Բոխումի» նկատմամբ, որի հետ թեժ պայքարի մեջ են վտանգավոր գոտուց խուսափելու համար: 6-րդ խաղում անընդմեջ «Քյոլնի» մեկնարկային կազմում էր Սարգիս Ադամյանը, որը 2019/20 մրցաշրջանում «Հոֆենհայմի» կազմում 2 գնդակ էր ուղարկել «Բավարիայի» դարպասը:
Տիգրան Բարսեղյան
Սլովակիայի առաջնություն, չեմպիոնական գոտու 5-րդ տուր, «Սլովան» - «Դունայսկա Ստրեդա» (Ապրիլի 13, Երևանի ժամանակով 17:30)
«Սլովանը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Դունայսկա Ստրեդան» 44 միավորով 4-րդ տեղում է:
Նախորդ տուրում «Սլովանը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ժիլինայի» դարպասը, իսկ Տիգրան Բարսեղյանը հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց՝ դառնալով դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: Հայ հարձակվողը 10 գոլով և 11 գոլային փոխանցումով առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է:
Էդուարդ Սպերցյան և Գեորգի Հարությունյան
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր, «Կրասնոդար» - «Զենիթ» (Ապրիլի 13, Երևանի ժամանակով 18:00)
«Զենիթը» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ երկրորդ տեղում է գտնվող «Կրասնոդարը» հետ է 1 միավոր:
Սա ՌՊԼ-ի գարնանային հատվածի թերևս ամենակարևոր հանդիպումն է, որտեղ հանդիպելու են չեմպիոնության 2 գլխավոր հավակնորդները: Նախորդ տուրում «Ցլերը» տարեն գարնանային հատվածի առաջին հաղթանակը՝ 4-3 հաշվով հաղթելով «Նիժնի Նովգորոդին»: «Կրասնոդարի» կազմում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացնող Էդուարդ Սպերցյանը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ, մինչև այդ գոլն էլ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի փոխանցումից հետո մրցակցի պաշտպանը դարձավ ինքնագոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրում առաջատարների միջև կայացած խաղն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ «Կրասնոդարի» գոլը խփեց Սպերցյանը:
Նաիր Թիկնիզյան
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր, «Լոկոմոտիվ» - ԲԿՄԱ (Ապրիլի 13, Երևանի ժամանակով 20:30)
«Լոկոմոտիվը» 36 միավորով 5-րդ տեղում է: Բանակայինները ևս ունեն 36 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 4-րդն են:
Նաիր Թիկնիզյանը վնասվածքի պատճառով բաց է թողել «Երկաթուղայինների» նախորդ 3 խաղերը: 23-րդ տուրում Նաիրը «Լոկոմոտիվի» պահեստայինների նստարանին էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ: Ապաքինվելուց հետո Թիկնիզյանի վերադարձը կարող է տեղի ունենալ նախկին թիմի դեմ խաղում: Թիմերի միջև տեղի ունեցած նախորդ 4 խաղից 3-ում հաղթել է ԲԿՄԱ-ն, 1 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի:
Վարազդատ Հարոյան
Չինաստանի Սուպերլիգա, 6-րդ տուր, «Ցանչժոու» - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Ապրիլի 14, Երևանի ժամանակով 15:35)
«Ցանչժոուն» 10 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը, իսկ «Ցինդաո Ուեստ Քոսթը» 7 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը:
«Ցանչժոուն» հանդիպմանը մոտենում է 2 անընդմեջ հաղթանակով, իսկ «Ցինդաո Ուեստ Քոսթը» 2 անընդմեջ հաղթականից հետո նախորդ տուրում պարտություն կրեց: Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը «Ցինդաո Ուեստ Քոսթի» կազմում մասնակցել է 5 խաղի, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:
Խորեն Բայրամյան
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր, «Ֆակել» - «Ռոստով» (Ապրիլի 14, Երևանի ժամանակով 17:45)
«Ռոստովը» 31 միավորով 9-րդն է, իսկ «Ֆակելը» 26 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը:
Նախորդ տուրում «Ֆակելը» կրեց գարնանային հատվածի առաջին պարտությունը՝ 1-4 հաշվով զիջելով ԲԿՄԱ-ին, իսկ «Ռոստովը» նախորդ տուրում 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սոչիի» հետ: «Ֆակելի» նախորդ 3 տնային խաղերն ավարտվել են գոլազուրկ ոչ-ոքի, «Ռոստովն» էլ 4 անընդմեջ արտագնա պարտությունից հետո նախորդ 2 արտագնա խաղում հաղթանակի է հասել: Խորեն Բայրամյանը հաջող խաղ է ցուցադրում առաջնության գարնանային հատվածում։
Ստյոպա Մկրտչյան
Խորվաթիայի առաջնություն, 30-րդ տուր, «Հայդուկ» - «Օսիեկ» (Ապրիլի 14, Երևանի ժամանակով 18:30)
«Հայդուկը» 55 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Օսիեկը» 42 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:
«Հայդուկը» նախորդ 5 խաղից 4-ում պարտվել է, ևս 1-ում՝ ոչ-ոքի խաղացել, «Օսիեկն» էլ 6 խաղ չհաղթելուց հետո նախորդ 2 խաղում 6 միավոր է վաստակել: Ստյոպա Մկրտչյանը «Օսիեկի» նախորդ 5 խաղում մնացել է պահեստայինների նստարանին:
Էդգար Սևիկյան
Հունգարիայի առաջնություն, 28-րդ տուր, «Զալաեգերսեգ» - «Ֆերենցվարոշ» (Ապրիլի 14, Երևանի ժամանակով 18:30)
«Ֆերենցվարոշը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Զալաեգերսեգը» 35 միավորով 8-րդ տեղում է:
«Զալաեգերսեգի» մասնակցությամբ նախորդ 3 խաղերն ավարտվել են 5-1 հաշվով: Այդ խաղերից առաջինում «Ֆերենցվարոշի» առաջիկա մրցակիցը պարտվել է, վերջին 2-ում՝ հաղթել: «Ֆերենցվարոշը» նախորդ 4 խաղում նույնքան հաղթանակ է տարել, իսկ Էդգար Սևիկյանը 27-րդ տուրում բացեց գոլերի հաշիվը հունգարական ակումբի կազմում:
Ուգոչուկվու Իվու
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր, «Կռիլյա Սովետով» - «Ռուբին» (Ապրիլի 14, Երևանի ժամանակով 20:00)
«Կռիլյա Սովետովը» 33 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Ռուբինն» ունի 1 միավոր պակաս և 8-րդն է:
Սամարան ներկայացնող ակումբը նախորդ տուրում տարավ գարնանային հատվածի առաջին հաղթանակը՝ 2-1 հաշվով առավելության հասնելով «Ուրալի» նկատմամբ, իսկ «Ռուբինը» 23-րդ տուրում 0-3 հաշվով պարտվեց «Օրենբուրգին»: Ուգոչուկվու Իվուն կազանցիների կազմում մասնակցել է 21 խաղի և խփել 1 գոլ: Թիմերի միջև կայացած նախորդ 5 խաղից 4-ում հաղթել է «Ռուբինը», 1-ում՝ «Կռիլյա Սովետովը»:
Հենրիխ Մխիթարյան
Իտալիայի Ա սերիա, 32-րդ տուր, «Ինտեր» - «Կալյարի» (Ապրիլի 14, Երևանի ժամանակով 22:45)
«Ինտերը» 82 միավորով առաջատարն է, իսկ «Կալյարին» 30 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը:
«Ներաձուրին» խաղին մոտենում է 2 անընդմեջ հաղթանակով, «Կալյարին» էլ նախորդ 2 խաղում 4 միավոր է վաստակել: Թիմերի միջև կայացած նախորդ 5 խաղում միլանյան գրանդը նույնքան հաղթանակ է տարել: Հենրիխ Մխիթարյանն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է բոլոր հանդիպումներին՝ խփելով 2 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում:
Անդրե Կալիզիր
Շվեդիայի առաջնություն, 3-րդ տուր, «Հեկեն» - «Բրոմապոյկարնա» (Ապրիլի 15, Երևանի ժամանակով 21:00)
«Բրոմապոյկարնան» 4 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Հեկենը» մեկնարկային 2 խաղում 1 միավոր է վաստակել:
Անդրե Կալիզիրը «Բրոմապոյկարնայի» կազմում մասնակցել է նախորդ 2 հանդիպումներին, որոնցում արդյունավետ գործողություններ չի կատարել:


