Vnews-ը ներկայացնում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների` այս շաբաթվա ընթացքում սպասվող հանդիպումների ժամանակացույցը և հետաքրքիր տեղեկություններ։
Ստյոպա Մկրտչյան
Խորվաթիայի առաջնություն, 29-րդ տուր, «Ռուդեշ» - «Օսիեկ» (Ապրիլի 5, Երևանի ժամանակով 18։30)
«Օսիեկը» 39 միավորով 5-րդ տեղն է, իսկ «Ռուդեշը» 7 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է։
«Ռուդեշը» նախորդ 3 խաղում պարտվել է նույն 0-3 հաշվով, իսկ «Օսիեկը» 3 անընդմեջ պարտությունից հետո նախորդ տուրում 1-0 հաշվով հաղթեց «Սլավեն Բելուպոյին»։ Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը նախորդ 3 խաղում մնացել է «Օսիեկի» պահեստայինների նստարանին։
Տիգրան Բարսեղյան
Սլովակիայի առաջնություն, չեմպիոնական գոտու 4-րդ տուր, «Ժիլինա» - «Սլովան» (Ապրիլի 5, Երևանի ժամանակով 19։30)
«Սլովանը» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ժիլինան» 44 միավորով 3-րդ տեղում է։
«Ժիլինան» նախորդ 2 խաղում նույնքան պարտություն է կրել, իսկ «Սլովանը» նախորդ տուրում հաղթեց «Պոդբրեզովային», որին օրեր առաջ պարտվել էր գավաթի խաղարկությունում։ Տիգրան Բարսեղյանը 8 գոլով և 10 գոլային փոխանցումով առաջնության 2 ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն է։ Առաջնությունում թիմերի միջև նախորդ խաղն ավարտվել է «Սլովանի»՝ 4-0 հաշվով հաղթանակով, որտեղ հաշիվը բացել է հայ հարձակվողը։
Նարեկ Գրիգորյան
Ռումինիայի առաջնություն, չեմպիոնական գոտու 3-րդ տուր, «Սեպսի» - «Ֆարուլ» (Ապրիլի 5, Երևանի ժամանակով 21։30)
«Ֆարուլը» 25 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Սեպսին» 23 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։
«Սեպսին» նախորդ 6 տուրից 4-ում հաղթել է, 2-ում ոչ-ոքի խաղացել։ «Ֆարուլը» նախորդ 4 տուրում ունի 1-ական հաղթանակ և պարտություն, 2 ոչ-ոքի։ Թիմերի միջև նախորդ 2 խաղում «Ֆարուլը» հաղթել է 1 գոլի առավելությամբ։ Նարեկ Գրիգորյանը որակազրկումից հետո մասնակցեց «Ստյաուայի» դեմ նախորդ տուրի հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 51-րդ րոպեին։
Վարազդատ Հարոյան
Չինաստանի Սուպերլիգա, 4-րդ տուր, «Չժեցյան Պրոֆեսիոնալ» - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Ապրիլի 6, Երևանի ժամանակով 15։35)
«Չժեցյան Պրոֆեսիոնալը» 7 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Ցինդաո Ուեստ Քոսթը» 4 միավորով 9-րդն է։
«Չժեցյան Պրոֆեսիոնալը» նախորդ 3 տուրից 2-ում հաղթել է 1 գոլի առավելությամբ, մյուսում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել, իսկ «Ցինդաո Ուեստ Քոսթը» նախորդ խաղում տարավ մրցաշրջանի առաջին հաղթանակը։ Վարազդատ Հարոյանը «Ցինդաո Ուեստ Քոսթի» մեկնարկային կազմում էր, սակայն 57-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։
Անդրե Կալիզիր
Շվեդիայի առաջնություն, 2-րդ տուր, «Բրոմապոյկարնա» - ԱԻԿ (Ապրիլի 6, Երևանի ժամանակով 17։00)
Առաջին տուրում «Բրոմապոյկարնան» 4 անպատասխան գնդակ ուղարկեց ԳԱԻՍ-ի դարպասը, իսկ Անդրե Կալիզիրը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ ԱԻԿ-ն էլ առաջին տուրում 1-0 հաշվով հաղթեց «Վաստերասին»։
Սարգիս Ադամյան
Գերմանիայի Բունդեսլիգա, 28-րդ տուր, «Քյոլն» - «Բոխում» (Ապրիլի 6, Երևանի ժամանակով 17։30)
«Քյոլնը» 19 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է, «Բոխումը» 26 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը։
«Քյոլնը» 2024 թվականին ընդամենը 1 հաղթանակ է տարել, իսկ Սարգիս Ադամյանը նախորդ 5 խաղում եղել է «Այծերի» մեկնարկային կազմում՝ վերջին 2-ում աչքի ընկնելով արդյունավետ գործողությամբ։ «Բոխումը» նախորդ հաղթանակը տարել է 22-րդ տուրում՝ 3-2 հաշվով առավելության հասնելով «Բավարիայի» նկատմամբ։ Թիմերի միջև նախորդ 4 խաղից 3-ն ավարտվել է ոչ-ոքի, ևս 1-ում հաղթել է «Բոխումը»։
Վալերի Ծառուկյան, Էդուարդ Սպերցյան և Գեորգի Հարությունյան
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր, «Նիժնի Նովգորոդ» - «Կրասնոդար» (Ապրիլի 6, Երևանի ժամանակով 17։30)
«Կրասնոդարը» 40 միավորով 2-րդ տեղում է և 1 միավոր զիջում է առաջատար «Զենիթին», որին կարող էր շրջանցել նախորդ տուրում, սակայն միավորներ կորցրեց։ «Նիժնի Նովգորոդը» 28 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը։
«Նիժնի Նովգորոդի» նորեկ Վալերի Ծառուկյանը նախորդ 2 խաղում մնաց պահեստայինների նստարանին, իսկ թիմը տարավ 1 հաղթանակ և կրեց նույնքան պարտություն։ «Կրասնոդարը» մրցաշրջանի գարնանային հատվածում 4 պաշտոնական խաղ է անցկացրել և դեռևս հաղթանակ չունի։ Սակայն պետք է արձանագրել, որ այդ խաղերից 2-ում «Ցլերը» հաղթանակը բաց են թողել խաղավերջում ընդունած գոլի պատճառով։
Խորեն Բայրամյան
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր, «Ռոստով» - «Սոչի» (Ապրիլի 6, Երևանի ժամանակով 21։00)
«Ռոստովը» 30 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Սոչին» 14 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Գարնանային հատվածում «Ռոստովը» բավականին լավ արդյունքներ է գրանցում։ Այս ընթացքում Վալերի Կարպինի գլխավորած թիմը հաղթել է «Կրասնոդարին» և «Դինամոյին», ինչպես նաև դուրս է եկել գավաթի խաղարկության մարզային գոտու քառորդ եզրափակիչ։ «Դինամոյի» դեմ նախորդ տուրի խաղը Խորեն Բայրմայանի համար 200-րդն էր «Ռոստովի» կազմում։ Այդ խաղում հայ կիսապաշտպանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Թիմերի միջև նախորդ 3 խաղում «Սոչին» տարել է նույնքան հաղթանակ և սեփական դարպասը պահել անառիկ։
Նորբերտո Բալեկյան
Արգենտինայի առաջնություն, 13-րդ տուր, «Նյուելս Օլդ Բոյս» - «Բոկա Խունիորս» (Ապրիլի 7, Երևանի ժամանակով 00։00)
Թիմերն ընդգրկված են առաջնության B ենթախմբում, որտեղ «Նյուելս Օլդ Բոյսը» 21 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Բոկա Խունիորսը» 19 միավորով 5-րդն է։
«Նյուելս Օլդ Բոյսն» անպարտելի է նախորդ 6 խաղում, իսկ նախորդ 3 խաղում անգամ գոլ բաց չի թողել։ «Բոկա Խունիորսը» նախորդ 4 պաշտոնական խաղից 3-ում հաղթել է և գրանցել 1 ոչ-ոքի։ «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բալեկյանը 8 խաղ բաց թողնելուց հետո մեկնարկային կազմում մասնակցեց թիմի նախորդ հանդիպմանը, որտեղ արգենտինական ակումբը «Կոպա Սուդամերիկանայում» մրցում էր Բոլիվիան ներկայացնող «Նասիոնալ Պոտոսիի» հետ։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ Բալեկյանը փոխարինվեց 80-րդ րոպեին։
Էդգար Սևիկյան
Հունգարիայի առաջնություն, 27-րդ տուր, «Ֆերենցվարոշ» - «Պակշ» (Ապրիլի 7, Երևանի ժամանակով 16։45)
«Ֆերենցվարոշը» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ երկրորդ տեղում գտնվող «Պակշն» ունի 50 միավոր։
«Ֆերենցվարոշը» 1 խաղ պակաս է անցկացրել։ Հենց այս 2 թիմերի միջև է ծավալվում չեմպիոնական պայքարը, քանի որ 3-րդ տեղում գտնվող «Ֆեհերվարը» «Պակշին» զիջում է 7, «Ֆերենցվարոշին»՝ 12 միավոր։ «Ֆերենցվարոշը» նախորդ 7 խաղից 6-ում հաղթել է, ևս 1-ում ոչ-ոքի խաղացել։ Այդ խաղերից 5-ում Դեյան Ստանկովիչի թիմը գոլ բաց չի թողել։ Թիմերի միջև նախորդ 5 խաղից յուրաքանչյուրում գրանցվել է նվազագույնը 4 գոլ։ Այդ խաղերից 3-ում հաղթել է «Ֆերենցվարոշը», 2-ում՝ «Պակշը»։ Էդգար Սևիկյանը մասնակցել է «Ֆերենցվարոշի» նախորդ 4 խաղերին՝ առաջին 3-ում դուրս գալով փոխարինման, իսկ վերջինում ընդգրկվելով մեկնարկային կազմում։
Վահան Բիչախչյան
Լեհաստանի առաջնություն, 27-րդ տուր, «Լեխ» - «Պոգոն» (Ապրիլի 7, Երևանի ժամանակով 17։00)
«Լեխը» 45 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Պոգոնն» ունի 44 միավոր և 6-րդն է։
«Լեխը» նախորդ 3 խաղում վաստակել է 5 միավոր և սեփական դարպասը պահել անառիկ։ «Պոգոնը» նախորդ տուրում հաղթեց «Կրակովիային», իսկ Վահան Բիչախչյանը խփեց 2024 թվականի առաջին գոլը։ Այդ խաղից հետո Բիչախչյանը և թիմակիցները նվաճեցին նաև Լեհաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր՝ պայքարից դուրս թողնելով հենց «Լեխին»։ Լեհաստանի առաջնության 10-րդ տուրում Շեցինը ներկայացնող ակումբը 5-0 հաշվով հաղթել էր «Լեխին», Բիչախչյանն էլ խփել էր իր թիմի 3-րդ գոլը։
Նաիր Թիկնիզյան
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր, «Ախմատ» - «Լոկոմոտիվ» (Ապրիլի 7, Երևանի ժամանակով 17։30)
«Լոկոմոտիվը» 33 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Ախմատը» 20 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը։
«Ախմատը» նախորդ 2 խաղում նույնքան պարտություն է կրել, «Լոկոմոտիվն» էլ 2024 թվականին 5 պաշտոնական խաղ է անցկացրել և դեռևս հաղթանակ չի տարել։ Նաիր Թիկնիզյանը վնասվածքի պատճառով բաց է թողել «Երկաթուղայինների» նախորդ 2 խաղերը։ Ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրում «Լոկոմոտիվը» 2-1 հաշվով հաղթել էր «Ախմատին», իսկ Թիկնիզյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։
Տիգրան Ավանեսյան
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր, «Զենիթ» - «Բալթիկա» (Ապրիլի 7, Երևանի ժամանակով 17։30)
«Զենիթը» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բալթիկան» 17 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում է։
«Բալթիկան» օրերս դուրս մնաց Ռուսաստանի գավաթի խաղարկությունից՝ կիսաեզրափակիչում պարտվելով ԲԿՄԱ-ին։ Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Տիգրան Ավանեսյանը փոխարինման դուրս եկավ 82-րդ րոպեին։ Դա 2024 թվականին Տիգրանի առաջին պաշտոնական խաղն էր «Բալթիկայի» կազմում։
Արթուր Քարտաշյան
Վրաստանի առաջնություն, 7-րդ տուր, «Սամգուրալի» - «Թելավի» (Ապրիլի 7, Երևանի ժամանակով 19։00)
«Թելավին» 6 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Սամգուրալին» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
«Սամգուրալին» նախորդ 6 խաղում դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ։ «Թելավին» 3 անընդմեջ պարտությունից հետո նախորդ տուրում 1-0 հաշվով հաղթեց «Գագրային»։ 5-րդ տուրում «Թելավիի» կազմում նորամուտը նշած Արթուր Քարտաշյանը նախորդ խաղում դուրս էր մնացել թիմի հայտացուցակից։
Հրանտ-Լեոն Ռանոս
Գերմանիայի Բունդեսլիգա, 28-րդ տուր, «Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Ապրիլի 7, Երևանի ժամանակով 19։30)
Առաջիկա մրցակիցները 27 տուրից հետո ունեն 28-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով «Բորուսիան» զբաղեցնում է 13-րդ տեղը, իսկ «Վոլֆսբուրգը» 14-րդն է։
«Վոլֆսբուրգը» նախորդ անգամ «Բորուսիային» հաղթել է 2019 թվականին։ Դրանից հետո կայացած 9 խաղից 5-ում հաղթել է Մյոնխենգլադբախի թիմը, ևս 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Հրանտ-Լեոն Ռանոսը, որը 2024 թվականին «Բորուսիայի» գլախվոր թիմում ստացել է ընդամենը 7 րոպե խաղաժամանակ, նախորդ շաբաթ ակումբի երկրորդ թիմում դարձավ գոլի հեղինակ։
Լուկաս Սելարայան
Սաուդյան Արաբիայի առաջնություն, 27-րդ տուր, «Աբհա» - «Ալ Ֆաթեհ» (Ապրիլի 7, Երևանի ժամանակով 23։00)
«Ալ Ֆաթեհը» 37 միավորով 6-րդն է, իսկ «Աբհան» 22 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 17-րդ տեղը։
«Աբհան» նախորդ տուրում 0-8 հաշվով պարտվեց «Ալ Նասրին», իսկ «Ալ Ֆաթեհը» անհաջող շարքից հետո հաղթեց նախորդ 2 տուրում։ Այդ հաղթանակներում բավականին մեծ դերակատարում ունեցավ Լուկաս Սելարայանը, որը «Ալ Վեհդայի» դեմ խաղում կատարեց 3 գոլային փոխանցում, իսկ «Ալ Իթիֆաքի» դեմ նախորդ տուրի մրցավեճում խփեց խաղի միակ և հաղթական գոլը։
Ուգոչուկվու Իվու
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր, «Օրենբուրգ» - «Ռուբին» (Ապրիլի 8, Երևանի ժամանակով 18։00)
«Ռուբինը» 32 միավորով 7-րդ տեղում է, սակայն ընդամենը 6 միավոր է զիջում լավագույն եռյակը եզրափակող «Դինամոյին», իսկ «Օրենբուրգը» 20 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։
Ոչ այդքան հաջող մրցաշրջան անցկացնող «Օրենբուրգը» նախորդ 2 խաղում վաստակել է 4 միավոր և սեփական դարպասը պահել անառիկ։ «Ռուբինը» նախորդ տուրում 2-1 հաշվով հաղթեց «Ախմատին»։ Այդ հանդիպմանը առանց փոխարինման մասնակցեց Ուգոչուկվու Իվուն։
Հենրիխ Մխիթարյան
Իտալիայի Ա սերիա, 31-րդ տուր, «Ուդինեզե» - «Ինտեր» (Ապրիլի 8, Երևանի ժամանակով 22։45)
«Ինտերը» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուդինեզեն» 28 միավորով 14-րդ տեղում է։
Ընթացիկ առաջնության 15-րդ տուրում «Ինտերը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուդինեզեի» դարպասը, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում էլ հայ կիսապաշտպանը գրավել էր առաջիկա մրցակցի դարպասը։ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի 30 խաղում Մխիթարյանը դարձել է 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։


