Իտալացի Մարկո Ռոսին ներկայացրել է Հունգարիայի ազգային հավաքականի հայտացուցակը՝ Հայաստանի և Իռլանդիայի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին երկու հանդիպումների համար, հաղորդում է Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հունգարացիների հայտացուցակում կարևոր բացականեր չկան. բոլոր առանցքային ֆուտբոլիստները պատրաստ են առաջիկա խաղերին:

«Հայաստանում պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք, այդ ժամանակ կհասկանանք, թե ինչպիսին կլինի իրավիճակը վերջին տուրից առաջ։ Բայց նաև տանը՝ Իռլանդիայի դեմ խաղում, ցանկանում ենք հաղթել։ Գիտենք, թե ինչ դժվարություններ կարող են առաջացնել մրցակիցները, և կփորձենք պատրաստվել լավագույն մակարդակով»,- ասել է Ռոսին հայտացուցակը ներկայացնելուց հետո:
Հունգարիայի հավաքականը 4 խաղից հետո 5 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, Եղիշե Մելիքյանի գլխավորած Հայաստանի ազգային թիմը 3 միավորով վերջին` չորրորդ տեղում է: Իռլանդիայի հավաքականը 4 միավորով երրորդն է: Առաջատար Պորտուգալիայի հավաքականն ունի 10 միավոր ունի:
Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Հունգարիային, նույն օրը Պորտուգալիան հյուր կգնա Իռլանդիային: Երեք օր անց Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Պորտուգալիային, իսկ Հունգարիան կընդունի Իռլանդիային:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


