Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ակումբներին նամակ է ուղարկել՝ հայտնելով, որ Բրազիլիայի առաջնության հանդիպումներին խաղացողները կզգուշացվեն դեղին քարտով, եթե երկու ոտքով կանգնեն գնդակի վրա, հաղորդում է ESPN-ը:
Որոշումը կայացվել է մոտ մեկ շաբաթ անց այն դեպքից, երբ Պաուլիստա լիգայի «Կորինտիանս» - «Պալմեյրաս» հանդիպմանը Մեմֆիս Դեպայն այդպիսի հնարք կիրառեց:
Bom dia 🇧🇷💫 pic.twitter.com/Ok81ZAubTn
— Memphis Depay (@Memphis) April 6, 2025
«Կան տարբեր հանգամանքներ, որոնցով պայմանավորված՝ խաղացողը պետք է զգուշացվի ոչ սպորտային պահվածքի համար»,- գրված է նամակում:
«Մեմֆիսի նորման լույս է տեսնում շաբաթ օրը: Կանգնում ես գնդակի վրա և դեղին քարտ ստանում»,- սոցցանցերում գրել է «Կորինտիանսի» իրավական տնօրեն Վինիսիուս Կասկոնեն՝ ծաղրելով ընդունված որոշումը:
Որոշումը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ գնդակի վրա երկու ոտքով կանգնելով՝ ֆուտբոլիստը սադրում է մրցակցին, ծաղրում՝ այդպիսով դրսևորելով ոչ սպորտային վարքագիծ:
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի հանձնարարությամբ՝ նման խախտման դեպքում նշանակվում է տուգանային հարված, իսկ խախտումն արած խաղացողը զգուշացվում է դեղին քարտով: