Logo

Մեմերի հերոսից՝ Չեմպիոնների լիգայի հերոս. Վինիսիուսի ապշեցնող կերպարանափոխությունը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
17:08 / 14.05.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

2022 թվականի մարտին՝ հերթական Կլասիկոյի ընթացքում, կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Գարսիան Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուսի հետ վիճաբանության ժամանակ արեց հեգնական արտահայտություն, որն իսպանացի լրագրողների աչքից չվրիպեց. «Հաջորդ տարի հաղթելու ես «Ոսկե գնդակը»: Բրազիլացու՝ «Ոսկե գնդակ» ստանալու շանսերը և աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու հավանականությունն այնքան հեռու էին թվում իրականությունից, որ Գարսիան անթաքույց կերպով արտահայտեց իր ծաղրական վերաբերմունքն ու կարծիքը Վինիի վերաբերյալ:

No photo description available.

«Բարսայի» պաշտպանը մենակ չէր: Նույնիսկ «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման Ֆեռլան Մենդիին խաղերից մեկի ընդմիջմանն ասել էր՝ «մի՛ փոխանցիր գնդակը Վինիսիուսին, նա մեր դեմ է խաղում»: Վինիսիուսը մեմերի հերոս էր, հատկապես՝ երբ նոր էր տեղափոխվել Մադրիդ: Խաղային դրվագներում նա կայացնում էր սխալ որոշումներ, կատարում անփույթ փոխանցումներ, չէր կարողանում արդյունավետ եզրափակել գրոհները, գնդակներ էր կորցնում... բայց «Ռեալը» շարունակում էր հավատալ ֆուտբոլիստի ներուժին, և որ ամենակարևորն է՝ Վինիսիուսն ինքն էր հավատում, որ մի օր կդառնա «Ռեալի» աստղը: Ժամանակի ընթացքում քրտնաջան աշխատանքի, համառության, մարզչի ճիշտ խորհուրդների ու հետևողականության շնորհիվ բրազիլացին իսկապես դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Վինիսիուսը տարեցտարի բարելավում է անհատական վիճակագրությունը, նվաճումներն ու իր ֆուտբոլը:

Այս մրցաշրջանը բարդ ստացվեց Վինիի համար: «Արքայական ակումբից» հեռացավ խաղադաշտում նրա լավագույն ընկերը՝ Բենզեման, Կառլո Անչելոտին փոխեց սխեման ու նրա դիրքը՝ եզրից տեղափոխելով կենտրոն, բացի այս ամենից, վնասվածքը ստիպեց դուրս մնալ շարքից 2,5 ամսով: Բայց այս ամենն էլ 23-ամյա խաղացողը հաղթահարեց պատվով ու վճռորոշ հատվածին մոտեցավ կատարյալ ֆիզիկական վիճակում, տեխնիկապես զինված ու հոգեբանորեն պատրաստված: 

Վինիսիուսը հագեցրել է իր խաղային զինանոցը, յուրաքանչյուր խաղի նա ներկայանում է նոր հնարքներով: Խաղալով ձախից՝ պետք չէ նրանից սպասել միայն անցումներ: Այժմ հարձակվողը ոչ ստանդարտ փոխանցումներով էլ կարողանում է կտրել մրցակցի պաշտպանությունը, հատկապես՝ ոտնաթաթի դրսի հատվածով «տրիվելա» փոխանցումները հաճախ ու կարևոր պահերին հրաշալի է ստացվում: Լուկաս Վասկեսը կհաստատի այս փաստը:

Զգալիորեն կատարելագործվել է նաև Վինիսիուսի՝ գոլային պահերի եզրափակումը: Մյունխենի «Ալիանս Արենայում» «Բավարիային» խփած նրա առաջին գոլը դրա վառ վկայությունն է: Սառնասրտություն, դադար, դարպասի ու դարպասապահի դիրքի ճիշտ գնահատական և վստահ հարված: Այս որակներն իսկապես պակասում էին բրազիլացուն: Արդյունքում՝ 3-րդ մրցաշրջանում անընդմեջ ֆուտբոլիստը հաղթահարում է 20 գոլի շեմը:

Bayern Munich 2-2 Real Madrid: Goals and highlights - Champions League 23/24

Վինիի՝ մեծ խաղերում փայլելն այլևս օրինաչափություն է: Կրիշտիանու Ռոնալդուի ու Յարի Լիտմանենի հետ միասին նա այն եզակիներից է, որ 3 մրցաշրջան անընդմեջ գոլ է խփում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, իսկ ՉԼ նախորդ 23 խաղերում Վինիսիուսը 24 գոլային ներգրավվածություն է ունեցել: «Բավարիայի» դեմ թե՛ տնային, թե՛ արտագնա խաղերում Բրազիլիայի հավաքականի աստղը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Թվում էր՝ այս մրցաշրջանում «Ռեալի» ընդգծված առաջատարը Ջուդ Բելինգեմն է, բայց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում հենց Վինիսիուսը փայլեց ու թիմին հասցրեց «Ուեմբլի»: 

May be an image of 1 person, playing American football, playing football, studded shoes and text that says "PLAYES eken. Emirates FLY BETTER"

Վինիսիուսի ապրելակերպը սկսվում ու ավարտվում է ֆուտբոլով: Նա հրաժարվել է գիշերային կյանքից, վայելքներից, փոխարենն իր ժամանակի մեծ հատվածն անցկացնում է նախ ակումբի մարզաբազա Վալդեբեբասում, ապա՝ սեփական մարզասրահում աշխատելուն: Առջևում Չեմպիոնների լիգայի երկրորդ եզրափակիչն է Վինիսիուսի կարիերայում: Առաջինում նրա միակ գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին», երկրորդ եզրափակիչում բրազիլացու դերն ու պատասխանատվությունն ավելի մեծ է թիմում: Ու այո, Էրիկ Գարսիան ճիշտ էր. այսպիսի տեմպերով Վինիսիուսը շուտով կնվաճի «Ոսկե գնդակը»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա