Logo

Եղիշե Մելիքյան. «Ներողություն եմ խնդրում երկրպագուներից»

01:13 / 17.07.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամոյից» կրած պարտությունը 0-1 հաշվով։

«Լավ աշխատանք էինք տարել և կարողացանք հանդիպման ընթացքում փակել մրցակցի ուժեղ կողմերը։ Նրանք որակյալ ֆուտբոլիստներ ունեն, բայց գիտեինք՝ ինչպես խաղալ նրանց դեմ։ Մրցակցի թիմային աշխատանքին էլ էինք ծանոթ, գիտեինք` ինչ սխեմայով պետք է խաղան, ոչ մի նորություն չտեսանք։

Ըստ իս` բաց թողեցինք հաղթանակը, քանի օր չօգտագործեցինք մեր գոլային պահերը։ Ափսոսում եմ, քանի որ թիմն, իրոք, լավ աշխատանք կատարեց։ Լավ էինք պրեսինգի դիմում և լավ էինք դուրս գալիս պաշտպանությունից։ Ամեն ինչ մեզ մոտ ստացվում էր, միայն հանդիպման վերջնամասը ձախողեցինք։ Կար խնդիր 75-րդ րոպեից։ Տղաներն սկսեցին կորցնել խաղի ռիթմը։ Մրցակիցը ֆիզիկապես ավելի լավ վիճակում էր, քանի որ Բելառուսի առաջնությունն ընթացքի մեջ է։

Մեր ֆուտբոլիստը ճիշտ չաշխատեց տուգանային հրապարակում, բայց համարում եմ` դա 11-մետրանոց չէր։ Նման խաղում այդպիսի 11-մետրանոցներ չեն նշանակում։ Թե՛ արտագնա, թե՛ տնային խաղում մրցավարները մեզ հետ լավ չվարվեցին։ Սա բողոք չէ, այլ պարզապես իմ կարծիքն եմ արտահայտում։

Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, որ չկարողացանք հաղթել։ Բայց բոլորդ տեսանք` մենք ամեն ինչ արեցինք։ Լավ աշխատեցինք, բայց ինչ-որ մի բան չհերիքեց»,- հետխաղային մամուլի ասուլիսում նշել է մարզիչը։

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնը «Դինամոյի» դեմ պատասխան հանդիպման միակ գոլը բաց թողեց 90-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցից։ Սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտել էր մոլդովացի կիաապաշտպան Եվգենի Կոչուկը։

Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո Եղիշե Մելիքյանի թիմը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ ուժերը կչափի «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Սլովան» (Սլովակիա) զույգի պարտվողի հետ: «Դինամոն» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ և կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ