Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի H խմբի 2-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» նկատմամբ տնային հաղթանակը 2-0 հաշվով:
«Խաղի մասին շատ քիչ կուզեի խոսել: Հաղթել ենք, ուրախ ենք, բայց ավելի տխուր պատճառ ունենք՝ մեր երկրում պատերազմ է: Այդ պատճառով չեմ ուզում շնորհավորել մեր թիմին, այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին․ տղերք ջան՝ մենք ձեր հետ ենք:
Տղաները հանդերձարանում գրկախառնվեցին և որոշեցին, որ այս հաղթանակը պետք է նվիրենք հայությանը, որպեսզի ինչ-որ մի տեղ մի փոքր տրամադրություն բարձրացնենք: Մենք պետք է միասնական լինենք, միասին տխրենք և միասին ուրախանանք: Մենք շատ մտահոգված ենք ու շատ տխուր: Ազգ՝ մենք ձեզ հետ ենք:
Հաջողության հասանք առաջին խաղակեսում, երկրորդում տղաներին ասացի, որ պետք չէ պաշտպանությունից խաղալ, պետք է ագրեսիվ գործել: Մեզ մոտ առաջնային և երկրորդական ծրագրերն էլ ստացվեցին:
Տիգրան Բարսեղյանի դրվագում պարզապես ֆուտբոլային էմոցիաներ էին: Ոչ մի լուրջ բան չկա, երկու թիմերն էլ ձգտում են հաջողության հասնել, լինում են նաև նման դրվագներ»,- նշել է Մելիքյանը:
Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Փյունիկը» 3 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ 6 միավորով խմբի առաջատարը շվեյցարական «Բազելն» է, «Սլովանն» ու Վիլնյուսի «Ժալգիրիսը» մեկական միավոր ունեն:
Խմբային փուլի 3-րդ տուրում «Փյունիկը» հոկտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին», մեկնարկը՝ ժամը 20:45-ին:
Օտուբանջոն ցուցադրել է շապիկի վրայի գրառումը «Սլովանին» գոլ խփելուց հետո (ֆոտո)


