Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղյա ասուլիսում մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսի» նկատմամբ տնային հաղթանակը (2-0):
- Առաջին խաղակեսում «Փյունիկը» շատ գոլային պահեր չօգտագործեց։ Մասնավորապես, Լուկա Յուրիչիչը շատ շանսեր բաց թողեց, հանդիպման ժամանակ բղավում էիք նրա վրա: Ի՞նչը չէր ստացվում նրա մոտ այսօր, արդյո՞ք այս խաղով էր պայմանավորված, թե՞ ֆուտբոլիստի մոտ խնդիր կա: Ինչպե՞ս եք նրան մոտիվացնելու:
- Նրա հետ խնդիրներ չկան, Լուկան լավ հանդիպում անցկացրեց: Այնուամենայնիվ, խնդրում եմ խաղացողին պայքարել խաղադաշտում յուրաքանչյուր սանտիմետրի համար, եթե տեսնում եմ, որ դա այդպես չէ, ճնշում եմ գործադրում նրա վրա։ Յուրիչիչը խելացի ֆուտբոլիստ է և հասկանում է ամեն ինչ։ Շատ գոլեր չխփեցինք, քանի որ մրցակիցն ուժեղ էր, բայց 2 գոլը շատ է։ Կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց կարևորը դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցինք և դրական արդյունքի հասանք։
- Երկրորդ գոլը խփվեց անկյունայինի խաղարկումից հետո, նախապատրաստա՞ծ կոմբինացիա էր:
- Այո, իհարկե, մենք վերլուծել ենք մրցակցի խաղը և առաջ քաշել կոմբինցիաներ խաղարկելու մի քանի տարբերակներ։ Ընդհանուր առմամբ՝ մեր ֆուտբոլիստները կատարել են բոլոր հրահանգները և գրագետ ֆուտբոլ խաղացել՝ ոչինչ թույլ չտալով մրցակցին։
- Այս հաղթանակից հետո ինչպե՞ս եք գնահատում խմբից դուրս գալու հնարավորությունները։
- Ես ֆուտբոլում եմ արդեն 30 տարուց ավելի և լավ գիտեմ, որ պետք չէ նախօրոք ինչ-որ բան հաշվարկել։ Առջևում դեռ հանդիպումներ կան, պետք է դրանք անցկացնել և միավորներ վաստակել։ Առայժմ մենք պարզապես խմբից դուրս գալու հնարավորություն ունենք, ոչ ավելին։ Պետք է պատրաստ լինենք հաջորդ հանդիպումներին, ես թույլ չեմ տա խաղացողներից որևէ մեկին որոշել, որ ամեն ինչ արդեն վճռված է։
- Ավելի վաղ հայտնել էիք, որ Օտուբանջոյին մոտիվացնելու հատուկ միջոց ունեք, չե՞ք անհանգստանում ձեր ֆինանսների համար, քանի որ Յուսուֆը շարունակում է գոլեր խփել։
- Այո, ես նրան խոստացել եմ ինչ-որ բան տալ, եթե նորից գոլ խփի: Ես պատրաստ եմ վաստակածս գումարը տալ իմ տղաներին, նրանք արժանի են:
- Որակավորման փուլում ձեր թիմը տնային հանդիպումներում հաղթանակներ չէր տարել, իսկ խմբում արդեն երկու հաղթանակ կա, ինչի՞ց է դա կախված։
- Դժվար է խաղալ երկու ճակատով: Ամառվա ընթացքում մեր թիմը վերակառուցման ճանապարհին էր, և ամբողջական հայտացուցակը միայն վերջերս է հավաքվել, ուստի մեր արդյունքները շարունակում են բարելավվել: Կարծում եմ՝ մեր անհաջող ընտրական հանդիպումները մեզ օգտակար փորձ կտան ապագայում։
- Խնդրել էիք երկրպագուներին ավելի լավ աջակցել ձեզ։ Նրանք օգնեցի՞ն:
- Շատ շնորհակալ եմ, խնդրանքս լսվեց։ Երկրպագուները շատ օգնեցին: Մեր երկրում բարդ իրավիճակ է, դժվար է սպորտին ուշադրություն դարձնել։ Բայց ես շնորհակալ եմ, որ այսօր շատերը կարողացան գալ մարզադաշտ ու աջակցել մեզ։ Այս հաղթանակը ուրախություն պարգևեց բոլորիս այս դժվարին ժամանակահատվածում։
Հիշեցնենք, որ H խմբի երրորդ տուրից հետո «Փյունիկը» 6 միավորով 2-րդն է, նույնքան միավորով առաջատարը շվեյցարական «Բազելն» է: Բրիատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ունի 4 միավոր, իսկ «Ժալգիրիսիը»՝ 1:
Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրում «Փյունիկը» հոկտեմբերի 13-ին արտագնա խաղում կրկին կմրցի «Ժալգիրիսի» հետ:
Օտուբանջո. «Գոլերս լավ մարզումների և թիմի պայքարելու արդյունքն է» (տեսանյութ)
Եղիշե Մելիքյան. «Ինձ ուրախացնում է այն, որ հաղթեցինք դիտարժան խաղով» (տեսանյութ)
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ» - «Ժալգիրիս» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում