Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը Վիլնյուսի «Ժալգիրիսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին:
«Հավաքականում պարտվեցինք, բայց դրանից հետո «Փյունիկի» կազմում հաղթեցինք: Բարձր տրամադրությամբ ենք մոտենում վաղվա խաղին: Ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք:
Ակնկալիքներն ամեն խաղից առաջ նույնն են՝ դուրս ենք գալիս խաղադաշտ հաղթելու համար: Ուսումնասիրել ենք մրցակցին, գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը»,- նշել է Հովհաննես Հարությունյանը:
Եղիշե Մելիքսյան
- Ուսումնասիրել ե՞ք «Ժալգիրիսի» ուժեղ և թույլ կողմերը:
- Այո, մենք գիտենք մեր մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը, բայց ես չեմ ցանկանում բացահայտել բոլոր գաղտնիքները։ Մենք խաղային ծրագիր ենք պատրաստել:
- «Փյունիկը» վաղվա խաղից առաջ կադրային կորուստներ ունի՞։
- Մենք լուրջ կորուստներ չունենք, այն կազմը, որը պետք է խաղա վաղը, լիովին պատրաստ է։ Բոլոր խաղացողները պատրաստ են ֆիզիկապես և հոգեպես: Մեզ մոտ խնդիրներ չեմ տեսնում։ Մենք ցանկանում ենք դժվարություններ ստեղծել մրցակցի համար և լիովին պատրաստ ենք դրան։ Կցանկանայի նաև խնդրել մեր երկրպագուներին աջակցել մեզ լիտվացիների դեմ խաղում և օգնել մեզ ճնշում գործադրել մրցակցի վրա։
- Ձեզ երկու հանդիպում է սպասվում «Ժալգիրիսի» դեմ։ Ի՞նչ եք կարծում, այս հանդիպումներում ինչպե՞ս կորոշվի խմբում երկրորդ տեղի համար պայքարը։
- Ես ոչ մի հաշվարկ չեմ արել, պարզապես ցանկանում եմ հաղթել վաղվա խաղում:
- Ձեր թիմում ունեք ռուս ֆուտբոլիստ՝ Միխայիլ Կովալենկոն: Նա կարող է խնդիրներ ունենալ Լիտվա մուտք գործելու հետ կապված, ի՞նչ եք մտածում դրա մասին:
- Չէի ցանկանա ուշադրություն դարձնել առանձին խաղացողների վրա։ Մենք թիմ ունենք, և այն ուժեղ է, եթե ինչ-որ մեկը խնդիրներ ունենա, հեշտությամբ կարող ենք փոխարինել նրան։
- «Ժալգիրիսը» հատուկ խաղաոճ ունի՞:
- Նրանք արագ խաղացողներ ունեն: Ես անձամբ ճանաչում եմ «Ժալգիրիսի» երկու խաղացողների՝ Ռենան Օլիվեյրային և Ժոել Բոպեսուին, ես նրանց մարզել եմ, նրանք ուժեղ խաղացողներ են։ «Ժալգիրիսը» լավ թիմ է, դժվար կլինի նրանց հաղթել, բայց մենք պատրաստ ենք։ Ինձ դուր է գալիս, երբ հանդիպմանը ինտրիգ կա, և թիմերը ուժերով հավասար են։
- Ինչպե՞ս եք գնահատում խմբից դուրս գալու ձեր շանսերը:
- Շանսերն իրական են: Բայց հաջողության հասնելու համար դեռ պետք է քրտնաջան աշխատել և հաղթահարել դժվարությունները։
- Կոնֆերենցիաների լիգայի նախորդ տուրում Օտուբանջոյի գոլը ճանաչվեց լավագույնը։ Ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը։
- Մենք շատ ուրախ ենք, որ ունենք նման հարձակվող։ Մենք միասին այնպիսի լավ խաղային մարզավիճակի ենք հասել, որը նա այժմ ունի, նա թիմ է ժամանել ոչ այնպես, մենք օգնել ենք նրան հասնել հաջողությունների, որպեսզի ճանաչվի Եվրոպայում։
Հիմա նա շատ է օգնում մեր թիմին։ Մենք պետք է հարգենք Օտուբանջոյի պես խաղացողներին, նա շատ է օգնում ակումբին իր քրտնաջան աշխատանքով։ Նա ինձ օգնում է նաև որպես մարզիչ, քանի որ նրա նպատակներն իմ հաղթանակն են։ Ես հպարտ եմ նրանով, նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։
«Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 20:45-ին:
Հիշեցնենք, որ «Փյունիկը» H խմբում 3 միավորով 2-րդն է, իսկ առաջատարը շվեյցարական «Բազելն» է՝ 6 միավոր: Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ինչպես նաև «Ժալգիրիսի» 1-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը։
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկի» նախախաղային մարզումը՝ VNews-ի ֆոտոշարքում
«Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպման տոմսերը վաճառվում են նաև տոմսարկղերում