Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության 27-րդ տուրից հետո չեմպիոնական մրցավազքում պայքարն էլ ավելի սրվեց: Առաջատար «Ուրարտուն» ևս երկու թանկարժեք միավոր կորցրեց՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Արարատի» հետ: Իսկ երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» ու լավագույն եռյակը եզրափակող «Փյունիկը» շարունակեցին հաղթարշավը և կրճատեցին առաջատարից միավորների տարբերությունը:
VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 3 հաղթանակ, 2 խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 135 հանդիպումներից 52-ում հաղթել են դաշտի տերերը, 55-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 28 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
5 խաղում խփվեց ընդամենը 7 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,4 գոլ): Նման ցածր արդյունավետություն գրանցվել էր միայն 17-րդ տուրում: Առաջնությունում անցկացված 135 հանդիպումներում խփվել է 320 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,37 գոլ):
2. «Փյունիկն» առաջնության գարնանային հատվածում 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ պարտության մատնելով «Ալաշկերտին»: Փյունիկցիներն ալաշկերտցիների հետ անցկացրած առաջնության վերջին 7 խաղերում անպարտելի են՝ տոնելով 5 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի:
Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության գարնանային հատվածի մեկնարկային 8 խաղերում «Փյունիկը» 7 հաղթանակ էր տարել և միայն «Վանին» էր հաջողվել հանդիպումն ավարտել ոչ-ոքի:
3. «Արարատ-Արմենիան» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ պարտության մատնելով ԲԿՄԱ-ին: Հայաստանի կրկնակի չեմպիոնն անպարտելի խաղերի ռեկորդային շարքը հասցրեց 17-ի (13 հաղթանակ, 4 ոչ-ոքի): Վերջին պարտությունն առաջնությունում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը կրել է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում՝ 1-2:
4. Արմեն Ադամյանի նորամուտը «Լեռնային Արցախի» գլխավոր մարզչի պաշտոնում անհաջող ստացվեց: Առաջնության նորեկը 10-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Առաջնության վերջին 14 հանդիպումներում «Լեռնային Արցախը» հաղթանակ չի տարել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Առաջնությունում վերջին հաղթանակն արցախցիները տարել են անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ:
«Շիրակի» հետ խաղում էլ արցախցիները չգտան մրցակցի դարպասի բանալին: Թիմում գոլային երաշտը արդեն 6 խաղ շարունակվում է՝ հասնելով 578 րոպեի: Վերջին գոլն առաջնությունում «Լեռնային Արցախի» օգտին գրանցվել է փետրվարի 28-ին «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպման 52-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Օլաոլուվա Օջետունդեն:
5. «Արարատին» ընթացիկ առաջնությունում վերջապես հաջողվեց առաջին միավորը վաստակել «Ուրարտուի» հետ մրցավեճում՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ անցկացրած վերջին 3 խաղերում արարատցիներն անպարտելի են՝ վաստակելով 7 միավոր: Այդ հանդիպումներում Սերգեյ Ռևյակինը դարպասն անառիկ է պահել:
6. «Ուրարտուն» ընթացիկ առաջնությունում առաջին անգամ պատժվեց 11մ հարվածով: Իրեն հիանալի դրսևորեց Ալեքսանդր Մելիխովը՝ հետ մղելով արարատցի Ռազմիկ Հակոբյանի հարվածը: Վերջինս ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ 11մ հարված կատարեց: Մինչև այդ Հակոբյանը դիպուկ էր իրացրել «Լեռնային Արցախի» դարպասին նշանակված 11մ հարվածը:
7. «Ալաշկերտն» առաջնության գարնանային հատվածում 2-րդ պարտությունը կրեց՝ նվազագույն հաշվով զիջելով «Փյունիկին»: Մինչև այդ ալաշկերտցիները նույնպիսի արդյունքով պարտվել էին «Ուրարտուին»: Առաջնության երկրորդ հատվածում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 7 հանդիպումներում 11 միավոր է վաստակել:
8. Փյունիկցի Լուկաս Վիլյելան և ԲԿՄԱ-ի պաշտպան Ռուբեն Աբրահամյանը բացեցին գոլերի հաշիվը Fastex ՀՊԼ-ում: Աբրահամյանն ընդգրկվեց Fastex ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ Վսևոլոդ Երմակովի դարպասը գրավելով 19 տարեկան 251 օրականում:
9. ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Էրիկ Սիմոնյանն «Արարատ-Արմենիայի» հետ խաղում դարձավ ինքնագոլի հեղինակ, որը 11-րդն էր ընթացիկ առաջնությունում: Նախորդ տուրում ինքնագոլ էին գրանցել Արթուր Քարտաշյանն («Վան») ու Երջանիկ Ղուբասարյանը («Նոա»): Իսկ ավելի վաղ սեփական դարպասը գրավել էին նաև ալաշկերտցիներ Դիդիե Բորիս Կադիոն և Վիտալի Ուստինովը, շիրակցի Ալեքսա Վիդիչը, «Վանի» պաշտպան Համլետ Ասոյանը, փյունիկցի Միխայիլ Կովալենկոն, «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանն ու արարատցի Հաջի Մուստաֆան: Ընդ որում Մարգարյանը «Լեռնային Արցախի» հետ խաղում 2 անգամ է գրավել սեփական դարպասը՝ դառնալով յուրօրինակ հակառեկորդի հեղինակ:
10. Ջոնել Դեսիրեն Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Նա Հայաստանում ելույթները սկսել է «Լոռիում» 2018/19թթ. առաջնությունում, որի կազմում երկու մրցաշրջանում Fastex ՀՊԼ-ում 48 խաղ է անցկացրել: Հաջորդ երկու առաջնություններում Դեսիրեն «Ուրարտուի» կազմում մասնակցել է 44 խաղի:
Հայիթցի ֆուտբոլիստը դարձավ 100 խաղի սահմանագիծը հատած 20-րդ լեգեոնականը: Ռեկորդակիրը «Միկայի» բրազիլացի նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան է, որը Հայաստանի առաջնություններում 230 խաղ է անցկացրել: Առաջնության մասնակից լեգեոնականներից ամենափորձառուն ալաշկերտցի Վբեյմար Անգուլոն է՝ 180 խաղ: