Logo

Մեկնարկում է շախմատային թագի համար պայքարը

10:22 / 25.11.2024Շախմատ
null

Սինգապուրի Սենտոսա կղզում մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կայանալու է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։

Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարաջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիան։ Այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 7,5 և ավելի միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ Եթե դասական շախմատի արդյունքում հաղթողը պարզ չդառնա, կողմերը պայքարը շարունակելու են թայ-բրեյքում։

Դասական շախմատի պայքարում կողմերն իրավունք չեն ունենալու ոչ-ոքի գրանցել պարտիայում մինչև սև ֆիգուրներով խաղացողը չկատարի 40-րդ քայլը։ Նախքան 40-րդ քայլը ոչ-ոքիի պահանջը թույլատրվում է նույն դիրքի երեք անգամ կրկնության կամ «պատի» դեպքում։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է։ Յուրաքանչյուր հաղթած պարտիայի համար շախմատիստները վաստակելու են 200 հազար դոլար։ Եթե աշխարհի թագի ճակատագիրը որոշվի թայ-բրեյքում, հաղթողը կստանա 1,3, իսկ պարտվողը` 1,2 միլիոն դոլար։

Բոլոր խաղափուլերը Երևանի ժամանակով մեկնարկելու են 13:00-ին։ Յուրաքանչյուր երեք պարտիայից հետո նախատեսված է հանգստյան օր։

Դին Լիրենն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2023 թ. ապրիլին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ռուս Յան Նեպոմնշյաշչիի դեմ կայացած մրցախաղում։ 14 դասական պարտիաներից հետո հաշիվը 7-7 էր։ Կանոնակարգի համաձայն` կողմերն արագ շախմատի 4 մրցախաղ էին անցկացրել, և Լիրենը հաղթել էր 2,5-1,5 հաշվով ու դարձել շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը։ 32-ամյա շախմատիստը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 2728 վարկանիշային միավորով 23-րդ տեղում է։

Դոմարջու Գուկեշը Կանադայի Տորոնտո քաղաքում դարձել է Հավակնորդների մրցաշարի պատմության ամենաերիտասարդ հաղթողը և հնարավորություն ստացել պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Հնդիկ շախմատիստն ունի 2783 վարկանիշային միավոր և 5-րդն է ՖԻԴԵ-ի դասարակգման աղյուսակում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա