Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում հոկտեմբերի 17-ին կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։
Մրցումային առաջին օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) և Գևորգ Թադևոսյան (87 կգ)։
Հրաչյա Պողոսյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի կամ մոլդովացի Վիտալի Երյոմենկոյի, կամ ղազախ Յերժետ Ժարլիկասինի հետ։
Մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը որակավորման փուլում ուժերը կչափի Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիի հետ։
Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում կմեկնարկի ղրղզ Ազատ Սալիդինովի հետ գոտեմարտով։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։