Աշխարհի առաջին ռակետ, ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը մեկնաբանել է սերբ Նովակ Ջոկովիչի հետ կապված իրավիճակը: Ջոկովիչը կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառով կարող է չմասնակցել US Open-ին:
«Այո՛, ես կցանկանայի Նովակին տեսնել US Open-ում: Բայց ես ոչինչ չեմ կարող անել: Կանոնները որոշում է կառավարությունն ու ես չգիտեմ, թե արդյոք դրանք կարող են փոխվել:
Բայց, եթե ես որոշում կայացնեի, ապա, իհարկե, կցանկանայի, որ նա խաղար: Հաճելի է, երբ մրցաշարում հավաքվում են բոլոր լավագույնները»,- Eurosport-ը մեջբերում է Մեդվեդևի խոսքը:
Այս պահին ԱՄՆ-ում գործում են կանոններ, որոնց համաձայն՝ չպատվաստված քաղաքացիներին արգելվում է մուտք գործել երկիր։ US Open-ը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը:


