Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից, վիճել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ, հայտնում է Le Parisien-ը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 12-ին «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած «Թուլուզի» դեմ Լիգա 1-ի 33-րդ տուրի խաղից (1-3) առաջ:
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի չեմպիոնի կատարցի սեփականատերը 25-ամյա ֆուտբոլիստից բացատրություն է պահանջել այն բանի համար, որ վերջինս հրաժեշտի տեսաուղերձում շնորհակալություն չի հայտնել իրեն: Նրանց վիճաբանությունը վերածվել է քաշքշուքի:
Մբապեն մայիսի 10-ին սոցցանցերում հրապարակած տեսաուղերձով հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից: Բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներ հայտնում են, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագն ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի Մադրիդի «Ռեալի» կազմը:
Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2017 թվականի օգոստոսից: Հարձակվողը ֆրանսիական գրանդի կազմում մասնակցել է 306 հանդիպման, դարձել 255 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, ակումբի հետ նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ հաղթել Լիգա 1-ում։


