Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն գոլի ու երկու ասիստի հեղինակ է դարձել Լյուքսեմբուրգի դեմ ընկերական խաղում (3-0)։
Opta-ի համաձայն՝ 25-ամյա հարձակվողն ազգային թիմում ասիստների քանակը հասցրել է 27-ի։ Այդ ցուցանիշով Մադրիդի «Ռեալի» նորեկը շրջանցել է լեգենդար Զինեդին Զիդանին ու Թիերի Անրիին, որոնք Ֆրանսիայի հավաքականի կազմում կատարել են 26-ական գոլային փոխանցում։ Այդ ցուցանիշով ռեկորդակիրը Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն է՝ 30 ասիստ։
Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում խփած գոլը Մբապեն նվիրել է հորեղբորը՝ Ալեքսին, որը վերջերս էր հեռացել կյանքից։
Օլիվյե Ժիրուն փոխարինման է դուրս եկել 81-րդ րոպեին և դարձել Ֆրանսիայի հավաքականում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը պատմության մեջ։ Ամերիկյան «Լոս Անջելեսի» նորեկը ռեկորդը սահմանել է 37 տարեկան 249 օրականում։ Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։