Logo

Մբապեի կարգավիճակում. 10 թոփ ֆուտբոլիստ ազատ գործակալ է դառնալու

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
14:48 / 23.02.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի անունը հերթական անգամ պայթեցրեց լրատվական դաշտը: Ինսայդերներին հայտնի է դարձել, որ փարիզցիների ղեկավարներին 25-ամյա ֆրանսիացին արդեն տեղեկացրել է ամռանն ակումբից հեռանալու մասին: Քչերն են կասկածում, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի (եթե ոչ լավագույնի) նոր թիմը դառնալու է Մադրիդի «Ռեալը»:

Բոլորը սպասում են մոտալուտ պաշտոնական հայտարարությանը...

Այդուհանդերձ, կան բազմաթիվ այլ աստղային ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրի ժամկետը նույնպես ամռանը սպառվում է: Կա հավանականություն, որ նրանցից ոմանց նոր պայմանագրեր կառաջարկվեն, մյուսները, միգուցե, ավարտեն կարիերան, իսկ հիմնական մասը կտեղափոխվի այլ ակումբ, և հենց այդ տրանսֆերները մեծ իրարանցումներ կարող են առաջացնել:

VNews-ն առանձնացրել է 10 թոփ ֆուտբոլիստի, որոնք Կիլիան Մբապեի օրինակով ամռանն ազատ գործակալ են դառնալու և արդեն հիմա կարող են բանակցել ցանկացած այլ ակումբի հետ:

Օլիվյե Ժիրու («Միլան»)

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը 37 տարեկանում կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն է անցկացնում: Ժիրուն Ա սերիայի 22 խաղում 12 գոլ է խփել և 8 ասիստ գրանցել: Թիմի մյուս հարձակվողների հետ Օլիվյեի համագործակցությունն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ մյուսների ռոտացիան չի ազդում ֆրանսիացու արդյունավետության վրա:

Նախորդ անգամ «Միլանը» մեկ տարով էր երկարաձգել Ժիրուի պայմանագիրը: Հաշվի առնելով, որ ակումբի ղեկավար կազմում է արդեն Զլատան Իբրահիմովիչը, ապա վստահ կարելի է ասել, որ շվեդ լեգենդար հարձակվողը կձգտի թիմում պահել փորձառու ֆուտբոլիստին: Իբրահիմովիչը եղել է նույն իրավիճակում և հասկանում է Ժիրուի կարևորությունը թիմի համար: Այդուհանդերձ, «Միլանում» մարզչական փոփոխություն է սպասվում: Օլիվյեն շատ մտերիմ հարաբերությունների մեջ է Ստեֆանո Պիոլիի հետ, և եթե իտալացուն հեռացնեն, նա կարող է փոխել «Ռոսոներիի» կազմում մնալու մտադրությունը:

Կոկե («Աթլետիկո Մադրիդ»)

Մադրիդյան ակումբում բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ են խաղացել, բայց Կոկեն է դառնալու նրանց մեջ ամենալեգենդարներից մեկը: Իսպանացին 32 տարեկանում արդեն «Աթլետիկոյի» պատմության ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստն է:

14 տարի շարունակ Կոկեն մադրիդցիների մեկնարկային կազմի անփոխարինելի կիսապաշտպան է , իսկ 2019 թվականից՝ ավագը: Թվում էր՝ Մադրիդում չպետք է կասկածեն նոր պայմանագիր կնքելու հարցում, բայց վերջին տեղեկությունները հակառակի մասին են խոսում: Բանակցային հերթական փուլը կայացել է փետրվարի սկզբին և կրկին կողմերը համաձայնության չեն հասել: Եթե ակումբը կամ ֆուտբոլիստը կտրուկ զիջումների չգնան, Կոկեն ամռանը կհեռանա «Աթլետիկոյից»:

Անխել Դի Մարիա («Բենֆիկա»)

Դի Մարիայի վերադարձը «Բենֆիկա» ստացվեց անսպասելի, բայց զգացմունքային: Լիսաբոնցիները երբեք այդպիսի ընդունելություն չէին կատարել թիմի նորեկի համար: Սովորաբար «Բենֆիկայից» հեռանում են աստղ դառնալու համար, իսկ այս դեպքում ակումբ էր վերադարձել աշխարհի նորընծա չեմպիոնը:

Արգենտինացին խոսոտվանեց, որ ֆինանսապես շատ ավելի խոշոր առաջարկներ է ունեցել, բայց նախընտրել է վերադառնալ հարազատ դարձած ակումբ: Նրա գերմոտիվացված և նվիրումով խաղը միանգամից նկատվում է:  31 մրցավեճում 13 գոլ և 8 ասիստ ցուցանիշը միայն մոտավոր պատկերացում է ստեղծում 36-ամյա ֆուտբոլիստի արդյունավետության մասին: Խաղերին հետևելով ավելի նկատելի է նրա ներդրումը «Բենֆիկայի» խաղում: Արգենտինացին այժմ թիմի առաջատարն է, և եթե հանկարծ որոշի այլ թիմում շարունակել ելույթները, ապա շատերը կարող են հաջորդ մրցաշրջանի համար տարբերություն ստեղծող ֆուտբոլիստ ձեռք բերել:

Մարկո Ռոյս («Բորուսիա Դորտմունդ»)

Դորտմունդցիների ավագն ակումբ էր վերադարձել 2012 թվականին և այս 12 տարիների ընթացքում եղել է թիմի ամենահավատարիմ և կարևոր խաղացողը: Այդուհանդերձ, 34-ամյա ֆուտբոլիստի ժամանակը «Բորուսիայում» կարծես սպառվել է: Ձմռանը նա Էդին Թերզիչի դեմ ընդդիմության առաջնորդն էր, բայց ակումբի ղեկավարները որոշեցին գլխավոր մարզչին թիմում պահել, ինչով էլ ավելի մոտեցրին Ռոյսի հեռանալը:

Bild-ն արդեն գրել է, որ Մարկոյի հետ նոր պայմանագիր կնքելու հավանականությունն օրեցօր նվազում է: Ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը 26 խաղում 6 գոլ ու 3 ասիստ է գրանցել, ակումբն էլ նրան կարևորությունը թիմի համար հետզհետե ավելի քիչ է համարում:

Խորհրդանշական կլինի, եթե Ռոյսը ևս մեկ անգամ վերադառնա «Բորուսիա», բայց այս անգամ Մյոնխենգլադբախ:

Պյոտր Զելինսկի («Նապոլի»)

Արդեն պաշտոնական է՝ Զելինսկին հեռանում է «Նապոլիից» և գրեթե պաշտոնական, որ նա կտեղափոխվի «Ինտեր»: Որպես պատիժ՝ «Նապոլին» լեհ ֆուտբոլիստին հանեց Չեմպիոնների լիգայի հայտացուցակից, իսկ առաջնությունում հետզհետե սկսում է ավելի քիչ օգտագործել: Ընդամենը մեկ տարի առաջ Նեապոլը Զելինսկու անունն էր երգում, իսկ այսօր նա ոմանց համար հակահերոս է:

Զելինսկին 29 տարեկան է, և եթե 4-5 տարի էլ մնար Նեապոլում, կդառնար «Աձուրիի» պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած խաղացողը: «Նապոլին» հաստատ չի զղջացել այն 16 միլիոն եվրոյի համար, որ վճարել է «Ուդինեզեին» 8 տարի առաջ: Զելինսկին Իտալիայի հարավում դարձավ «կալչոյի» լավագույն կիսապաշտպաններից մեկը և պատրաստ է ավելի թոփ մակարդակում հաջորդ քայլը կատարելուն:

Ժորժինյո («Արսենալ»)

1 տարի առաջ Թոդ Բոելին դեռ շարունակում էր փոխել Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած «Չելսիի» կազմը, և հերթը հասավ Ժորժինյոյին: Չեմպիոնական թեժ պայքարի մեջ գտնվող «Արսենալը» 1,5 տարվա պայմանագիր ստորագրեց Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ, բայց լուրջ դեր նրան չհատկացրեց: Հիմա էլ Ժորժինյոն մեկնարկային կազմի խաղացող չէ, բայց թոփ հանդիպումներում Միկել Արտետան նրան ասպարեզ է դուրս բերում առաջին րոպեից:

«Արսենալի» շատ երկրպագուներ սկսել են բարձր գնահատել 32-ամյա ֆուտբոլիստին և արդեն խոսում են նրա հետ ևս մեկ կարճաժամկետ պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին: Բայց, եթե «Զինագործները» չկարողանան պայմանավորվել Ժորժինյոյի հետ, ակնհայտ է, որ նա առաջարկների պակաս չի ունենա: Ընդամենը 2 տարի առաջ կիսապաշտպանը «Ոսկե գնդակի» քվեարկությունում զբաղեցրեց երրորդ տեղը և դժվար թե որևէ մեկը կարծում է, որ նման ֆուտբոլիստին չեն հրավիրի թոփ ակումբ: Ավելին, «Բարսելոնան» հենց նման հենակետային կիսապաշտպանի կարիք ունի և առաջիններից մեկն է լինելու Ժորժինյոյի համար պայքարում:

Ադրիեն Ռաբյո («Յուվենտուս»)


Մեր այս ցանկում համաշխարհային աստղեր են, բայց քչերն են, որ այժմ տրանսֆերային շուկայում նույնքան պահանջարկ ունեն, որքան Ադրիեն Ռաբյոն: Ֆրանսիացին վերջին 2 մրցաշրջաններում դարձել է «Յուվենտուսի» կիսապաշտպանության առաջատարը, կարելի է անգամ ասել՝ թիմի թիվ մեկ ֆուտբոլիստը: Մասիմիլիանո Ալեգրիի վերադարձը և Ռաբիոյի համար հատկացված դերը թևեր տվեցին ֆրանսիացուն, և նա այժմ անկացնում է կարիերայի ավագույն ժամանակահատվածը:

Ակնհայտ է, որ «Յուվենտուսն» ամեն ինչ անելու է Ռաբիոյին թիմում պահելու համար, բայց ֆինանսական առումով թուրինցիները կարող են խնդիրներ ունենալ: Ամռանը Ռաբյոն արդեն կլինի 29 տարեկան և հաջորդ պայմանագիրը նրա համար լինելու է խոշորներից վերջինը, ուստի գումարի հարցը կարող է որոշիչ լինել:

Մաթս Հումելս («Բորուսիա Դորտմունդ»)

Ի տարբերություն Մարկո Ռոյսի, Մաթս Հումելսի ապագան Դորտմունդում ավելի լուսավոր է թվում: «Բորուսիան» ամռանը թիմի կազմի վերանորոգում է նախատեսել: Ակումբում հակված են գերմանացի պաշտպանին թիմում պահել և այդ դեպքում շատ բան կախված կլինի նրանից:

Հումելսը 14 տարի է անցկացրել Դորտմունդում և միայն վերջին ամիսներին է դադարել համարվել մեկնարկային կազմի անվիճելի ֆուտբոլիստ: Եթե «Բորուսիան» Հումելսին տեսնում է որպես վետերանի, ով պետք է քիչ խաղա և ավելի շատ օգնի երիտասարդներին, ապա կարող է պաշտպանի հետ շատ արագ պայմանավորվել: Մնում է՝ 2014 թվականի աշխարհի չեմպիոնը համաձայնի այդ դերին, այլ ոչ թե ցանկանա գտնել այլ թիմ, որտեղ կշարունակի անձեռնմխելի մնալ: Իսկ այդպիսի թիմերը շատ են կլինեն:

Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ»)

Վերջին տարիներին Տոնի Կրոսի՝ «Ռեալից» հեռանալու մասին տեղեկությունները շատացել են: Գերմանացու դեպքում այդ շշուկներն ուղիղ համեմատական են նրա կարիերայի ավարտի հետ:

Կրոսը վերջերս խոստովանել է, որ նախկինում մտադիր էր կարիերան ավարտել 32 տարեկանում, բայց հասնելով այդ տարիքին, հասկացավ, որ դեռ կարող է շարունակել խաղալ թոփ մակարդակում և նույնիսկ հայտարարեց Գերմանիայի հավաքական վերադառնալու մասին: Այժմ գերմանացին արդեն 34 տարեկան է և նրա մյուս խոստովանությունը բարձր մակարդակում հեռանալուն է վերաբերում:

Ամբողջ աշխարհը խնդրում է Կրոսին մնալ ակումբում՝ հատկապես Լուկա Մոդրիչի մոտալուտ հեռանալու ֆոնին: Բայց այս պահին Տոնին դեռ որոշում չի կայացրել և կարող է գոնե մեկ տարի էլ նվիրել «Սերուցքայինների» երկրպագուներին:

Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»)

Իհարկե, Կրոսից հետո չէինք կարող չնշել Լուկա Մոդրիչին: 21-րդ դարի գլխավոր խաղային զույգերից մեկը մոտ է քանդվելուն: Մոդրիչը 5 տարով մեծ է Կրոսից և ավելի տրամաբանական էր թվում նրա հեռանալը, բայց խորվաթը երկաթյա առողջության շնորհիվ մնաց թոփ մակարդակում:

«Արքայական ակումբի» երիտասարդ կիսապաշտպանների առաջընթացը բացասական է ազդել Մոդրիչի վրա, նա նախկինում երբեք, որևէ թիմում պահեստային խաղացող չի եղել և դժվարությամբ է հարմարվում նոր կարգավիճակին: Եթե Լուկան որոշի մնալ ակումբում, «Ռեալը» երբեք չի մերժի նրան: Անչելոտին անգամ մարզչի պաշտոն է առաջարկել վետերանին: Այդուհանդերձ, Մոդրիչը գիտի, որ շատ են ակումբները, որոնք երազում են իրենց թիմում անգամ մեկ րոպեով տեսնել դարի լավագույն կիսապաշտպաններից մեկին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ