Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ից հեռանալու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո խոսել է ապագայի մասին:
«Ֆրանսիայից հեռանալով՝ շատ բան կկորցնեմ, բայց նաև շատ ձեռքբերումներ կունենամ։ Ես անհամբեր սպասում եմ այդ ձեռքբերումներին, շատ հուզված եմ: Կախարդական ապագա է սպասում ինձ»,- հայտնել է 25-ամյա ֆուտբոլիստը Get French Football News-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», որի հետ արդեն 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել: Նա նաև 100 միլիոն եվրո բոնուս կստանա Իսպանիայի նորընծա չեմպիոնից։
Հիշեցնենք, որ Մբապեն փարիզյան գրանդում է խաղում 2017 թվականի օգոստոսից: Հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 306 հանդիպման, դարձել 255 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, ակումբի հետ նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ հաղթել Լիգա 1-ում։