Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում շարունակվում է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի շնորհանդեսը:
Մադրիդի «Ռեալի» նորեկը ներկայացավ երկրպագուներին և «Արքայական ակումբի» մարզաշապիկով առաջին մեկնաբանությունները տվեց:
«Սա աշխարհի մեծագույն ակումբն է: Ցանկանում եմ դառնալ ակումբի պատմության մի մասնիկը: Ես իրականացրի երազանքս: Շնորհակալ եմ նախագահ Պերեսին: Շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց նախագահն ինձ հավատում էր առաջին օրվանից: Շնորհակալ եմ»,- նշել է Մբապեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա Մբապեի շնորհանդեսին ներկա գտնվել ցանկացողների թիվը գերազանցում է 100 հազարը, իսկ «Սանտիագո Բեռնաբեուն» կարող է հյուրընկալել 85 հազար հանդիսական:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը բուժզննում անցնելուց հետո 5 տարվա պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ ու ստացել «9» համարի մարզաշապիկը:
Ֆրանսիայի հավաքականի ավագն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից ու տեղափոխվել «Ռեալ»։
ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն Ֆրանսիայի ավարտված առաջնությունում անցկացրել է 29 հանդիպում, խփել է 27 գոլ ու կատարել 7 արդյունավետ փոխանցում: Նա 2017 թվականի օգոստոսին էր «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում մասնակցել է 308 հանդիպման, դարձել 256 գոլի, 108 գոլային փոխանցման հեղինակ ու նվաճել է 16 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ հաղթելով Լիգա 1-ում։


