Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով։ Կատարի Լուսաիլ քաղաքի համանուն ստադիոնում կայացած խաղում «Արքայական ակումբը» 3-0 հաշվով հաղթել էր մեքսիկական «Պաչուկային»։
«Միջմայրցամաքային գավաթը վերադառնում է Մադրիդ։ Երկրորդ տիտղոսը մրցաշրջանում։ Այս անգամ ես հաղթեցի «Լուսաիլ» ստադիոնում»,- սոցցանցերում գրել է Ֆրանսիայի հավաքականի ավագը։
Ուելսցի Գարեթ Բեյլից (2014թ․) ու իսպանացի Մարկո Ասենսիոյից (2017թ․) հետո 25-ամյա Մբապեն երրորդ ֆուտբոլիստն է, որը «Ռեալի» կազմում գոլ է խփում մեկնարկային երկու եզրափակիչներում։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչը ևս կայացել էր «Լուսաիլում», որտեղ Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր արգենտինացիներին։